Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/74

Այս էջը հաստատված է

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Դրական): Ո՛չ։

ԿՈՍՏԱՆԴԻՆ․ Այժմ չեմ ասում, այլ հետո, մի քիչ անցած։
ԱՐՄԵնՈՒՀԻ. (Ավելի դրական): Ո՛չ այժմ, ո՛չ հետո, ո՛չ երբեք։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ուրեմն վճռվա՜ծ է։
ԱՐՄԵնՈՒՀԻ. Վճռված է։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Հը՞ը (Մտածում է մի փոքր, զսպում է իր դժկամակությունը)։ Լավ, շատ լավ, վարվիր ինչպես սիրտդ է ուզում։ Ես չեմ կարող լինել մեկն այն հայրերից, որոնք հասարակական կարծիքի անունով ճնշում են գործ դնում իրանց զավակների վրա։ Իհարկե, ես էլ ունիմ որոշ հայացքներ, բայց ամեն բանից առաջ քո բախտավորությունն է ինձ համար։ Մի հարց ևս։
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Անհանգիստ): Լսում եմ, հայրիկ։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ասա ինձ, սիրո՞ւմ ես այդ ճարտարապետին։
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Շփոթվելով): Հայրի՛կ։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Հանգիստ): Մի՛ շփոթվիր. ասա՛, աղջիկս։
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Տատանվում է, մտածում է քիչ, հետո վճռական): Այո՛, սիրում եմ, հայրիկ։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Ցնցվում է, հետո իսկույն զսպում իրան): Լավ, շատ լավ։ Ամուսինդ գիտե՞։
ԱՐՄԵնՈՒՀԻ. Ամուսինս կապ չունի իմ զգացումների հետ։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Աղջիկս, դու դեռ նրա տանն ես, նրա անունն ես կրում։
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ուրի՞շ, հայրիկ։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Կկամենայի իմանալ ի՞նչ ես մտածում անելու։
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ոչինչ։

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Կարելի է, մտադիր ես բաժանվե՞լ Ալադյանից։

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ոչ, չեմ ուզում բաժանվել։

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Հապա ինչպե՞ս. ապրելով մեկի տանը, սիրել․․․ (Հանկարծ կատաղում է, ձեռը ուժգին զարկում է սեղանին, բարձրաձայն): Արմենուհի՜։ (Վեր է կենում):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Անփույթ, նայում է հորը խոր հանդիմանությամբ): Հայրի՛կ։ (Լռություն):

ԿՈՍՏԱՆԴԻՆ․ (Նայել է Արմենուհու համարձակ աչքերին: Զսպում է իրան, հանգստանում է): Լավ, լավ, ներիր, մի