Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/75

Այս էջը հաստատված է

վայրկյան հիմարացա։ Գիտեմ, որ դու այն կանացից չես։ Հասկանում եմ, դու չես ուզում թողնել քո զավակին։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Այդ չէ գլխավոր պատճառը։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Զարմանալով): Այդ չէ՞. ուրեմն ի՞նչ է։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ես չեմ ուզում հետևել շատերի օրինակին։ Ինձ համար կարևորը սերն է, որին այնքան կարոտում էի։ Այժմ ես սիրում եմ և սիրված եմ—այսքանը բավական է ինձ։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Սիրում ես, սիրված ես և պիտի տանջվես հավիտյան։ Ինչո՞ւ։
ԱՐՄԵՆՈԻՀԻ․ Հանուն սիրո, հայրիկ. հանուն այն բարձր զգացման, որ կյանք է ներշնչում կնոջ անգույն գոյությանը։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Չեմ հասկանում, ինձ համար պարզ չէ այդ։ Ասա, խնդրեմ, նա քանի՞ զավակ ունի։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Երկուսը։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Դու տեսնվո՞ւմ ես նրա հետ։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Երբեմն։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Կարելի է այժմ էլ տեսակցությա՞ն ես գնում։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Տանջվելով): Հայրի՛կ։ (Վեր է կենում):
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Զղջալով): Լավ, լավ, այլևս ո՛չ մի հարց։ Դե՛հ, ես գնում եմ ճանապարհի պատրաստություն տեսնելու։ (Վեր է կենում):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Հայրիկ, դու մտքումդ ինձ անիծո՞ւմ ես։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Քա՜վ լիցի։ Ընդհակառակը, օրհնում եմ քո անկեղծությունը։ Շնորհակալ եմ, զավակս, շատ շնորհակալ եմ, որ բոլորն ասացիր։ (Ուզում է գնալ դեպի պատշգամբ, Ստեփանին տեսնելով, կանգ է առնում


ՏԵՍԻԼ 4

ՆՈՒՅՆՔ և ՍՏԵՓԱՆ


ՍՏԵՓԱՆ. (Գալիս է պատշգամբից վերարկուով, ուսին՝ պայուսակ, ձեռքին մի ճամփարկղ): Մնացե՛ք բարև, բարեկամներս։