Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/83

Այս էջը հաստատված է

ամեն ժամ կաթիլ-կաթիլ թույն ածել մանկական սրտերի մեջ, որոնք սպունգի նման ծծում են։ Ասացեք, ո՞րն է ավելի մեծ հանցանք՝ զրկել նրանց հորից, թե՞ պատրաստել նրանց համար մի դժբախտ ապագա և հասարակության համար բարոյական անդամալույծներ։


ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Ընկճված): Չգիտեմ. այդքան հասկանալու ուժ չունիմ։

ՀՄԱՅԱԿ. Թող այժմենից իսկ ընկնի ստի և փարիսեցիության քողը, որով օրորոցից արդեն կապում են մեր աչքերը։ Երբ նրանք կհասունանան, կյանքը կճանաչեն, կհասկանան, որ իմ արածը դաժանություն չէր իրանց վերաբերմամբ, այլ մի անխուսափելի տուրք հավիտենական ճշմարտությանը։

ԱՐՄԵՆՈԻՀԻ․ Կհասկանա՞ն, արդյոք։ Մայրը նրանց փափուկ սրտերի մեջ կսնուցանի խորին ատելություն դեպի ձեզ, դուք կդառնաք նրանց աչքում մի անսիրտ հրեշ, և նրանք երբեք, երբեք չեն ներիլ ձեզ ձեր արարքը։

ՀՄԱՅԱԿ. Օօ՜, ո՛չ. մայրական կրթությունն այնքան զորավոր չէ, որքան ընդունված է կարծել։ Վաղ, թե ուշ նրանց ուղեղը կազատվի կապանքներից և կսկսի գործել ինքնուրույն, ազատ։ Ահա այն ժամանակ նրանք կհասկանան ինձ և կներեն։ Չէ՞ որ կյանքը նրանց համար ևս դպրոց է դառնալու։ Արմենուհի, եթե ամուր է մեր սիրո կապը, եթե առողջ է նրա սաղմը, պետք է բաժանվենք մեր ամուսիններից, պետք է խորտակենք կեղծ կապը և միանանք բնության օրհնված կապով։ Այս է պահանջում մեզնից ոչ միայն մեր փոխադարձ երջանկությունը, այլև բոլոր նախապաշարումներից, բոլոր ավանդություններից ազատ ազնվությունը։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Իսկ ես կարծում եմ, որքան հեռու լինենք միմյանցից, այնքան հարգած կլինենք սիրո զգացումը և այնքան խոր կզգանք նրա մեծությունը։ Տարիներով երազած մի աշխարհ եմ ձեռք բերել։ նա լի է անուշ բուրմունքով և հեռավորության փշերը չեն, որ պիտի արգելեն ինձ վայելել այն։

ՀՄԱՅԱԿ. Դուք դեռ շարունակում եք երազել, տիկին, դուք