Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/85

Այս էջը հաստատված է

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ա՜խ, դուք ճնշում եք գործ դնում ինձ վրա, այդ լավ չէ, այդ լավ չէ։


ՀՄԱՅԱԿ. Ես ունիմ իրավունք մինչև անգամ բռնանալու, եթե միայն ձեր սերը սեր է։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ապագան ցույց կտա, թե որքան ամուր է այն։

ՀՄԱՅԱԿ. Ինձ համար չկա ապագա, առանց ձեզ և ոչ մի օր, ոչ մի ժամ։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Երեխա մի լինիք. մտածեցեք։

ՀՄԱՅԱԿ. Ես այրել եմ իմ այն կամուրջը, որով անցել եմ ձեզ հասնելու համար. ինձ համար դարձ չկա։ Ահա՛, տեսեք։ (Հանում է մատից պսակի մատանին): Այս իմ ստրկական շղթայի վերջին օղակն է։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ի՜նչ եք ուզում անել։

ՀՄԱՅԱԿ. Շպրտել դեն։ (Ձգում է մատանին ձախ կողմը, հեռու): Ահա այդպես, գնաց, ընկավ ձորը։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Խելագա՜ր։

ՀՄԱՅԱԿ. Ես դեն ձգեցի այն բռնակալական կապը, որ կոչվում է ամուսնություն։ Բավական է, որքան կրեցի այն իբրև խորին վիրավորանք անհատի ազատության։ (Մոտենում է Արմենունուն): Գնա՛նք, հեռանա՛նք, հեռանա՛նք այս միջավայրից, ուր հինը խառնվել է նորին և կազմել ստով տոգորված մի մթնոլորտ։ Այնտեղ, հեռու երկրներում, ուր մեզ չեն ճանաչում, մեզ սպասում է նոր կյանք, անկախ, ազատ, հիմնված բոլորովին այլ սկզբունքների վրա։ Մի մոռանաք ձեր կոչումը։ Արմենուհի՛, այդ հանցանք է։ Դուք գիտեք նվագել սքանչելի, դուք ստեղծված եք ազատ գեղարվեստի, ազատ սիրո համար։ (Բռնում է Արմենուհու ձեռը): Լսո՞ւմ եք, ձեզ կանչում է ճշմարտության ձայնը։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Կռվելով ինքն իր հետ): Ա՛խ, այդ ձայնը․․․ Այն վաղուց է ինձ կանչում։

ՀՄԱՅԱԿ. Հետևեցե՛ք նրան, ուրեմն, այդ է ձեր կոչումը, այդ է ձեր սուրբ պարտականությունն անգամ։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Բայց ո՞ւր կտանի ինձ այն։

ՀՄԱՅԱԿ. Լավագույնը աշխարհներից — գեղարվեստների դրախտը։