ՆԱԽԵՐԳԱՆՔ
ՍՈՒՍԱՆԻ ԵՎ ՍԵՅՐԱՆԻ ՆՇԱՆՎԵԼԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՏ ՀԵՏՈ
Երկու տնակների մեջ եղած պարիսպը նոր է խորտակվել երկրաշարժից, և նրանք կանաչազարդ գավիթները բեմի առաջին մասում միացել են։ Դեպի աջ Բարխուդարի մի հարկանի տնակն է` տափակ կտուրով և երկու լուսամուտներով։ Ձախ` Հայրապետի մի հարկանի տնակն է` տափակ կտուրով և մի լուսամուտով — դեպի գավիթ։ Երկու տնակների առջև նեղ քարաշեն սաքուներ։ Գավիթների հետին մասը ներկայացնում է խորտակված պարսպի ավերակը, հետո փայտյա ցանկապատ երկու ծուռ ու մուռ դռնակներով դեպի փողոց, որոնցից ձախ կողմինը տանում է դեպի Հայրապետի, աջ կողմինը դեպի Բարխուդարի տնակը։ Ավանսցենից սկսած գավիթների երկու երրորդական մասը դեպի խորքը ծածկված է խսիրներով, թաղիքներով և հասարակ կապերտներով, որոնց վրա խառնիխուռն դարսած են մեծ քանակությամբ բարձեր, վերմակներ, ներքնակներ և այլն։ Մի չթյա վարագույր բեմը կիսում է երկու մասի։ Այդ վարագույրը ամբողջ ժամանակ ժողոված է, միայն գործողության վերջումն են բաց անում։ Խորքում, պարսպի աջ և ձախ կողմերում երկու մեծ թթենիներ, որոնցից մեկը Բարխուդարի, մյուսը Հայրապետի տնակին է պատկանում։ Ցանկապատի հետևը փողոց է, այնուհետև քաղաքի ավերակները։ Վաղ երեկո է, արեգակի դեղնագույն ճառագայթները ոսկեզօծել են հեռավոր