Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/103

Այս էջը հաստատված է

— Հենց վարպետությունն էլ դրա մեջ է։ Առաջ պիտի էդ շան աղջկա շինածը քանդել։

— Քանդե՞լ ոտս, ի՞նչով պիտի քանդեք։

— Ոչխարի դմակով։

— Դմակո՜վ,— կրկնեցի ես զարմացած։

— Հրամանքս, պետք է ոչխարի դմակը տաքացնել ու կապել ոտիդ։ Երկու շաբաթում ոսկորներդ կփափկեն, ոնց որ դմակը։

— Հետո՞։

— Փափկելուց հետո ոսկորները տեղահան կանեմ, իրարուց կբաժանեմ և նոր մեկանց ամեն մեկը լավ, սիրուն իր իսկական տեղը կդնեմ, կոտրածն էլ օրինավոր կկապեմ։ Մի ամիս չանցած վեր կկենաս ու կաքավի պես տկլիկ-տկլիկ ման կգաս, էլ ոչ կաղել, ոչ ցավել։ Թիֆլիս հասնելուց հետո կգաս կուշտս։ Ես Հավլաբարումն եմ լինելու, աներոջս տանը։ Ղասաբ Գևո որ հարցնես, ցույց կտան, իմ անունն էլ լավ միտդ պահիր — Միխայել-բեգ Առուշանով։ Վարձի համար կխոսենք, ես իմ տաքսն ունեմ։ Դու ինձ ասա, հրամանքդ ազատամի՞տ ես, թե՞ պահպանողական։

— Չեմ հասկանում։

— Ուզում եմ ասել, մշակակա՞ն ես, թե՞ մեղվական։

— Այդ ի՞նչ կապ ունի կոտրած ոտիս հետ,— հարցրի ես և ոտս նրա ծնկան վրայից իջեցրի։

— Ես մշակականի համար մի տաքս ունեմ, մեղվականի համար մի ուրիշ տաքս։

— Ո՞րի ոտն եք ավելի էժան բժշկում։

— Դե, իհարկե, մշակականի ոտը ես ազատամիտներից եմ, լիբերալ։

— Իսկ եթե ոտը ոչ մշակական է, ոչ մեղվակա՞ն։

— Էն էլ ուրիշ գին ունի։ Դու ինձ ասա, ո՞ր մեկին ես հարգում՝ Գրիգոր Արծրունու՞ն, թե՞ Պետրոս Սիմոնյանցին։

— Երկուսին էլ հարգում եմ։

— Էդ չելավ, հայ մարդը կամ մեկի կողմը պիտի լինի, կամ մյուսի, դրանից դուրս հավատ չկա։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս Արծրունու բանակին գրվել։ Արծրունին մեր ժամանակի մարգարեն է։ Րաֆֆին էլ նրա կշտին։ Որ մեկ-մեկ