Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/106

Այս էջը հաստատված է

Ուստա Մոււխանը կրկնեց իր հարցը։

— Առայժմ Թիֆլիս եմ գնում, հետո պիտի գնամ սուրբ էջմիածին.— պատասխանեց քահանան։

— Պիտի գնաս մեռոն բերելու, հա՞...

— Ոչ, գնում եմ ամեն տարվա ուխտս կատարելու։

— Եվ կամիլավկա ստանալու, հը՞...

— Կամիլավկա վաղուց ունեմ, այս խաչի հետ եմ ստացել։

— Քանիսո՞վ ես առել, տեր֊հայր, դրուստն ասա։

— Ես փողով չեմ գնել իմ խաչն ու կամիլովկան, այլ ստացել եմ իմ երկարամյա ծառայության համար սուրբ լուսավորչի առաքելական եկեղեցուն։

— Հասկանում եմ, էն եկեղեցուն, որ մեր ազգի տունը քանդեց,— արտասանեց ուստա Մուխանը, կամենալով անպատճառ քահանայի հետ վեճի բռնվել։

Քահանայի աչքերը կատաղությունից պսպղացին վառված ածուխի պես։

— Ինչպես երևում է, պարոն, դուք կամ նզովյալ լութերական եք, կամ ազգակործան մշակական,— գոչեց նա գրգռված։

— Հրամանքս, մշակական եմ, պարծենում եմ,— պատասխանեց ուստա Մուխանը, ձեռները գնելով փորի վրա,— խավարամիտների ազրայիլը, հոգեհանը, նրանց քիթ ու պռունգ ջարդողը։ Համեցեք, բան ունես ասելու, ասա, մենք պատրաստ ենք։

— Բարով վայելեք ձեր ոզնի[1] Արծրունուն։

— Դուք ել բարով վայելեք ձեր քավթառ աղվես Պետրոս Սիմոնյանցին։

— Արծրունին ազգի դավաճան է, ռուս կառավարության անամոթ վարձկանը։

— Պետրոս Սիմոնյանցը էջմիածնի մոնթ է, նրա հարամ հացովն է ապրում։ Գևորգ IV-ի օրով նա Մանկունու հետ թալանեց էջմիածնի հարստությունը, գողացավ թանկագին

  1. «Մշակ» և «Մեղու Հայաստանի» լրագրերի կատաղի բանակռիվների ժամանակ Արծրունին Պետրոս Սիմոնյանցին անվանում էր «պառավ աղվես», իսկ մեղվականներն Արծրունուն անվանում էին «ոզնի»։