Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/108

Այս էջը հաստատված է

զայրույթից, երբ անզգուշություն ունեցա ակնարկելու, որ ես էլ եկեղեցու դերն ազգի պահպանության տեսակետից վերջացած եմ համարում, հետևաբար ավելի թեքված եմ դեպի ուստա Մուխանի ազատամտությունը։

— Դուք ազատամիտներ չեք,— գոռաց տեր-հայրը,— այլ ազատ անմիտներ։

Եվ աջ ձեռքով խաչը վեր բարձրացնելով, ավելացրեց հանդիսավոր եղանակով.

— Ես, Ստեփաննոս ավագ քահանա Մուշկարյանս, հանուն այս խաչի անիծում եմ ձեզ։ Անիծու՛մ եմ այն հացը, որ ուտում եք, այն ջուրը, որ խմում եք. անիծում եմ ձեզ ու ձեր մերձավորներին հանուն սուրբ լուսավորչի առաքելական եկեղեցու։

Այս անեծքը, ըստ երևույթին, ազդեց ուստա Մոլխանի վրա։ Ես նկատեցի, որ նա ցնցվեց ու գունատվեց, բայց իր հուզմունքը զսպեց և ասաց.

— Տեր-հայր, հանգստացիր...

— Չեմ հանգստանալ, մինչև որ խոսքերդ մայր եկեղեցու մասին ետ չվերցնես ու մեղա չգաս։

— Տեր-հայր, դու քո գաղափարն ունես, ես էլ իմը, ամոթ է կռվելը։

— Ամոթը կռվելը չէ, այլ ձեզ հետ նստելը, ձեզ հետ խոսելն ու մինչև անգամ ձեր երեսը տեսնելը։

Չգիտեմ ինչով կվերջանար այս տեսարանը, եթե օգնության չհասներ մի շատ հասարակ հանգամանք... ուստա Մուխանի որկրամոլությունը։

Տալով իր վերջին և ամենաթույլ ռեպլիկը, ուստա Մուխանը խուրջինը նորեն բարձրացրեց իր ծնկների վրա, բաց արավ, և նորեն ասպարեզ եկան ճոխ ուտելիքներն ու տկճորը։

Որքան ազդեցիկ եղավ ուստա Մուխանի համար ավագ քահանա Ստեփաննոս Մուշկարյանի անեծքը, նույնչափ ազդեցիկ եղավ քահանայի համար ուստա Մուխանի սեղանը, այն տարբերությամբ, որ ուստա Մուխանը գունատվեց, իսկ քահանան կարմրեց։

Տիրեց լռություն և խաղաղություն։ Քահանան միանգամից լռեց, կարծես մեկն իսկույն խցան խոթեց նրա կոկորդը: