Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/11

Այս էջը հաստատված է

ես իմ ամաչկոտ բնույթին անսովոր համարձակումթյամբ։

— Ծնողնե՞րդ են քեզ ուղարկել ինձ մոտ։

— Այո,— ստեցի ես, վախենալով՝ միգուցե հակառակն ասեմ, չընդունվեմ։

— Ապրես, այսօրվանից դու իմ աշակերտն ես։ Անու՞նդ։

— Ալեքսանդր։

— Ազգանունդ գիտեմ, դու ուստա Մինասի որդին ես։ Ասա ծնողներիդ, որ ես քեզ կսիրեմ հարազատ հոր պես։ Տեսնում ես, այդ բոլոր մանուկները իմ զավակներն են։ Մայրս զարմացավ իմ հանդգնության վրա, բայց չընդդիմացավ իմ ցանկության։ Ավելին, նա մինչև անգամ պարծեցավ, որ իր որդին ինքն իր կամքով «ուզում է մարդ դառնալ»։ Նա ինքը թեև անգրագետ էր, բայց հասկանում էր ուսման արժեքը։

— Այդ լավ է,— ասաց նա,— երբ դու գրել ու կարդալ կսովորես, էլ ես ուրիշներին չեմ տալ կարդալու հորդ նամակները։ Իմ նամակներն էլ դու կգրես։

Եվ առանց տատանվելու նա գնեց մի այբբենարան և մի օրվա մեջ մետաքսյա կտորից կտրեց մի գեղեցիկ «հաբզյա» (երկբերան տոպրակ), որի մեջ պիտի պահեի դպրոցական պիտույքներս։

Մի քանի ամիս անցած՝ հայրս վերադարձավ Ղուբայից, ուր նա լինում էր տարվա մեծ մասը։ Նա, իհարկե, բարկացավ ինձ վրա, երբ մայրս հաղորդեց նրան իմ հանդուգն արարքի մասին, բայց ոչ այնչափ, որչափ կարծում էի։ Միայն խստիվ պատվիրեց ինձ Սարգիս վարպետից գրել—կարդալ սովորել, բայց նրա հեթանոսական քարոզները չլսել։ Երբ խրախուսված բաց արի այբբենարանս և կարդացի մի քանի տող, այն ժամանակ նա ավելի մեղմացավ։ Պարզ էր, որ նա էլ, անգրագետ լինելով, հասկանում էր գրագիտության արժեքը։ Հետևյալ օրը, ինձ ճանապարհ դնելով ուսումնարան, նա ասաց.

— Գնա՛, ավելի լավ է ուսումնարանում նստել, քան շուն—շան որդիների հետ փողոցում վազվռտել։ 

Եվ դառնալով մորս՝ ավելացրեց.