Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/112

Այս էջը հաստատված է

խնձորներն, արծաթագույն տանձերն իրարու խառնվելով, գույների քմահաճ հարմոնիայով հիշեցնում էին Սպահանի զմայլելի գորգեր։

Այդ օրերին Արծրունին անուշադիր էր դեպի ամեն ինչ։ Նրա ուշքն ու միտքը գրավված էր կալվածքի խնդրով։ Շուտով նա պիտի վրաց ազնվականության բանկին վճարեր մի խոշոր գումար, որպես տոկոսիք իր պարտքի, այլապես կալվածքը պետք է աճուրդի դրվեր։ Արծրունին դրամ էր փնտրում և չէր կարողանում գտնել։ Այդ մասին նա մի հոդված գրեց «Մշակ»-ում՝ հրավիրելով հայ հարուստներին՝ չթողնել, որ միլիոնարժեք կալվածքը մնա բանկի վրա։ Հրավերը մնաց անհետևանք։

Ինձ դիմավորեց ճերմակ ձեռնոցներով մի ռուս սպասավոր և առաջնորդեց սալոն։

Դա մի ընդարձակ սենյակ էր՝ բուրժուական ճաշակով կահավորված։ Չեմ հիշում՝ կա՞ր, թե՞ չկար այնտեղ որևէ գեղարվեստական մի գործ։

Արծրունին ինձ ներկայացրեց իր կենակցուհուն, որի հետ ապրում էր քաղաքացիական կարգով։ Դա բժիշկ Քոչարյանի բաժան ամուսինն էր, ծնյալ Մարիամ Մելիք-Աղամալյան։ Մոտ քառասուն տարեկան մի կին էր՝ կապույտ-դեղնագույն երեսով, խոշոր ապակենման աչքերով և քիչ կորամեջք: Նա ծխում էր։ Հիվանդոտ, ներվային և կյանքից դժգոհ մի էակի տպավորություն գործեց նա ինձ վրա։ Ճաշեցինք պարտեզում: Ճաշը շատ պարզ էր և անցավ բավական սառը՝ տանտիրուհու սառնության շնորհիվ։ Ավելացնեմ և այն, որ ես անհամարձակ մեկն էի և չէի խոսում, երբ ինձ չէին խոսեցնում։ Խոսում էր ինքը Արծրունին։ Ինձ հետաքրքրում էր մի խնդիր, և ես սպասում էի հարմար վայրկյանի, որ այդ խնդիրը պարզեմ։ Բանն այն է, որ վերջին ժամանակները Րաֆֆիի անունը «Մշակ»-ի էջերում չէր երևում։ Ասում եմ անունը, որովհետև ժողովրդականացած վիպասանի երկերը չերևալով, գոնե անունը հիշվեր, մենք՝ գավառացիներս, տարակուսանքի մեջ չէինք լինի։ Այնինչ «Մշակ»-ի լռությունը Րաֆֆիի մասին բացարձակ էր։ Թիֆլիս գալով լսել էի, որ երկու բարեկամների