Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/113

Այս էջը հաստատված է

մեջ ինչ-որ գժտություն է պատահել։ Փափագեցի գիտնալ պատճառը։

— Պատճառը նյութական է,— շտապեց պատասխանել տիկին Մարոն Արծրունու փոխարեն,— Րաֆֆին վերին աստիճանի փողասեր մարդ է։ Երևակայեցեք, նա տարեկան ութ հարյուր ռուբլի և ձրի ճաշը քիչ է համարում, ավելի է պահանջում։

— Բացի դրանից, նա օգտվում է տպագրական պատրաստի շարվածքներից իր վեպերն առանձին հատորներով հրատարակելու համար,— ավելացրեց Արծրունին, պենսնեն ուղղելով իր մեծ քթի վրա։

Ինձ համար աներևակայելի էր «Մշակ»-ն առանց Րաֆֆիի և Րաֆֆին առանց «Մշակ»-ի։ Ես այդ ասացի Արծրունուն։

— Այո,— դարձյալ միջամտեց կինը,— միայն «Մշակ»-ի համար Րաֆֆին այնքան կարևոր չէ, որքան Րաֆֆիի համար «Մշակ»-ը։ Առանց «Մշակ»-ի նա կզրկվի ժողովրդականությունից։ «Մշակ»-ն է, որ Հակոբ Մելիք-Հակոբյանին դարձրել է Րաֆֆի և Մելիքզադե։

Արծրունին ավելի համեստ եղավ։ Նա այդ չասաց, բայց և չժխտեց իր կենակցուհու ասածը։

Ես ճաշից հեռացա ծանր տպավորության տակ։ Պատճառը տիկին Մարոյի կծու, թշնամական վերաբերմունքն էր դեպի Րաֆֆին: Ես տեսնում էի, որ Արծրունին այդ կնոջ ազդեցության տակ է, և դա ինձ համար վերին աստիճանի անախորժ էր ու անսպասելի։ Ես Արծրունուն համարել էի ավելի զորեղ կամքի տեր։ Եվ դա ինձ համար մի տեսակ հիասթափում եղավ, որ, սակայն, բնավ չթուլացրեց իմ հարգանքը դեպի նա։

Ես որոշեցի կատարել Արծրունու խնդիրը և մի քանի օրից հետո սկսեցի գրել «Գործակատարի հիշատակարանից»-ը։


Թիֆլիսի Սոլոլակ անունով արվարձանում Լերմոնտովի անվան և Ռտիշչևսկայա փողոցների անկյունում կար մի անջուր տուն, որ այն ժամանակ պատկանում էր ոմն Տեր-Գրիգորյանի։