Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/115

Այս էջը հաստատված է

ժամանակ հեքիաթային էր ինձ համար։ Րաֆֆին հաճույքից ժպտաց։

— Գիտե՞ք,— ասաց նա մի հաստ ծխախոտ ոլորելով,— ինձ չափազանց անհանգստացնում է երկրորդ հատորի վիճակը։

— Ինչու՞, մի՞թե նա դեռ պատրաստ չէ։

— Ոչ, պատրաստ է վաղուց և արդեն մշակված է ու արտագրված։ Իմ երկյուղը գրաքննիչից է։ Այդ անիրավ Սոլոմոն-խան Մելիք-Մեհրաբյանը մի սոսկալի դահիճ է հայ գրականության համար։ Նա ինձ ասում է, «Դուք պրոպագանդիստ եք, հեղափոխություն եք քարոզում»։ Եղբայր, ձե՞զ ինչ, ասում եմ, ես Թուրքիայի դեմ եմ և ոչ Ռուսաստանի։ Այդ ի՛նչ կառավարություն է, ի՛նչ օրենքներ են, նույնիսկ Պարսկաստանում չկան այդպիսի խստություններ։

Եվ Րաֆֆին, խորապես վշտացած, սկսեց փաթաթել մի նոր ծխախոտ։ Նա ամբողջ ժամանակ ծխում էր։ Մուխից նրա սև ընչացքը դեղնել էր. մի բան, որ տգեղացնում էր նրա դեմքը։ Նա ավելացրեց, որ որոշել է «Կայծեր»—ի երկրորդ հատորն ընդօրինակել տալ։

— Այդ գարշելի ցենզուրական կոմիտեն արգելված ձեռագրերը չի վերադարձնում հեղինակներին։ Ուզում եմ համենայն դեպս մի օրինակ թաքցնել։

Նա ոտքի ելավ, սկսեց քայլել ետ ու առաջ։ Ինձ թվաց, թե դա հրաժեշտի նշան է։

— Ոչ, մի՛ շտապեք,— ասաց նա, տեսնելով, որ ես ոտքի ելա,— դեռ պարապելու ժամանակը չի եկել։ Շատ ուրախ եմ ձեր այցելությանը։ Խոսենք մի փոքր։

— Երևի ձեզ շատերն են խանգարում, չէի կամենա ձանձրացնողներից մեկը լինել։

— Այո, շատերն են խանգարում, բայց այժմ ես որոշել եմ ավելորդ այցելուներ չընդունել։ Գիտեմ, դուք իմ անկեղծ հարգողներից եք և շատ անգամ եք Բաքվում կռվել իմ հակառակորդների դեմ։ Այդ փտած մեղվականները կաշվից դուրս են գալիս ինձ հուսահատեցնելու համար, բայց չի հաջողվի։ Եթե Արծրունին մի քիչ խելոք լիներ, շատ դյուրությամբ