Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/118

Այս էջը հաստատված է

Բայց Րաֆֆին անվրդով էր։ Նա գիտեր, որ մրցակից չունի, և ոչ ոք չի կարող «Մշակ»-ին տալ մի «Կայծեր»։ Նրա միակ հոգսն էր այդ ժամանակ «Կայծեր»-ի երկրորդ հատորի հրատարակությունը։ Առաջին հատորը հրատարակվել էր գնդապետ Ալեքսանդր Մելիք-Հայկազյանի ծախքով։ Այժմ Րաֆֆին նրանից սպասում էր երկրորդ հատորի տպագրական ծախքը։

Արծրունին 1884 թվականի սկզբին զրկվեց իր կալվածքից, չկարողանալով վճարել իր պարտքը։ Կալվածքը մնաց վրաց ազնվականության բանկի վրա մոտ կես միլիոն ռուբլի պարտքի փոխարեն։ Ցավալի էր այդ օրերին տեսնել քաջարի պայքարողին, որի սուր գրիչը հալածում էր ամեն մի մարդկային տկարություն։ Արծրունին դարձել էր մի անզոր մանուկ։ Նա «Մշակ»-ը դադարեցրեց և վճռեց տեղափոխվել արտասահման։ Նա գրեթե մենակ թողվեց ճակատագրի կամքին։ Նա բարեկամ չուներ բացի իր կենակցուհուց, իսկ աշխատակիցներից միայն Ներսես Աբելյանը, ես և «Մշակ»-ի քարտուղար Հովհաննես Տեր-Մարտիրոսյանն էինք այցելում նրան և աշխատում էինք մեղմացնել նրա ծայրահեղ հուսահատությունը։

— Ոչ, ոչ,— գոչեց մի օր Արծրունին մեր ներկայությամբ,— Մարոյի հետ կերթանք Զվիցերիա և այնտեղ վերջ կտանք մեր կյանքին, ընկնելով Լեման լիճը։

Այդ խոսքերն ինձ թվացին ծիծաղելի։ Արծրունին ոչ քաջ էր և ոչ էլ հիմար, որ ինքնասպանություն գործեր։ Բացի դրանից, գիտեի, որ ինքնասպանները երբեք ոչ ոքի չեն նախազգուշացնում։

Ես ամեն օր օգնում էի նրան կարգի բերելու և կապկպելու իր բազմաթիվ գրքերը։ Հիշում եմ, մի օր գրադարանը քրքրելիս ձեռն ընկավ իր հոր՝ գեներալ Երեմիա Արծրունու, ռուսերեն մի գրքույկը, եթե չեմ սխալվում «Дорога в Индию» վերնագրով։

— Տեսեք, դա էլ գրող է եղել,— ասաց Արծրունին և գրքույկն արհամարհանքով մի կողմ շպրտեց։

«Գործակատարի հիշատակարանից»-ը տպվելուց հետո մի օր ես նյութական շատ նեղ կացության մեջ էի։ Ասում