Այս էջը հաստատված է
եմ մի օր, որովհետև իմ սովորական անապահովության մեջ դա բացառիկ էր։ Բառի բուն նշանակությամբ անոթի էի։ Երկար տատանումներից հետո վճռեցի դիմել Արծրունուն։ Չորս տարի «Մշակ»–ին աշխատակցելով, ես ոչ մի կոպեկ վարձ չէի ստացել և ոչ էլ պահանջել էի։ Գրեցի մի նամակ, խնդրելով տալ ինձ երեսուն ռուբլի ոչ իբրև վարձատրություն, այլ իբրև փոխառություն։ Խոստանում էի պարտքս վերադարձնել մի ամսվա մեջ։
Արծունին ոչ միայն խնդիրս չկատարեց, այլև նամակիս չպատասխանեց։ Ավելին, նա փողոցում ինձ տենելիս խույս էր տալիս հանդիպելուց։ Այս փոքրոգությունը մի մարդու, որին մեծ էի համարում, խոցոտեց իմ զգայուն ինքնասիրությունը։ Ես դիմեցի Պետրոս Սիմոնյանցին, որի «Մեղու Հայաստանի» լրագրին աշխատակցել էի ընդամենը երկու հոդվածներով։ Նա ինձ տվեց մի փոքրիկ գումար, որ խոստացածս ժամանակին վերադարձրի շնորհակալությամբ: Արծրունու Զվիցերիա ուղևորվելուց հետո երեք մարդ կամեցան խմբովին շարունակել «Մշակ»−ի հրատարակությունը—Րաֆֆին, Ներսես Աբելյանը և Գաբրիել Միրզոյանը։ Ես պիտի լինեի քարտուղար և մեկը գլխավոր աշխատակիցներից։ Պաշտոնական խմբագիր ցենզուրային առաջարկվեց Միրզոյանը, որպես համեմատաբար անկասկածելի անձնավորություն՝ քաղաքական տեսակետից։ Այդ մարդը ոչ գրելու ձիրք ուներ, ոչ խոսելու։ Նա նույնիսկ գրական զարգացում չուներ։ Այնուամենայնիվ, կառավարությունը նրան էլ չհաստատեց խմբագիր, անշուշտ լավ գիտենալով, թե իրապես ով է թերթին ուղղություն տալու։ «Մշակ»–ը բոլորովին դադարեց, ես մնացի անգործ, ինչպես և էի իրոք։ Ներսես Աբելյանը հրավիրվեց էջմիածնի ճեմարանի դասատու։ Ինձ համար դժվար էր մենակ վճարել մեր սենյակի վարձը։ Որոշեցի ավելի էժանագին սենյակ գտնել։ Մի օր ինձ մոտ եկավ մի աղջիկ Ս․ Պ․ անունով և առաջարկեց մի սենյակ իր ծնողների բնակարանում։ Այդ աղջկան ես մի քանի անգամ տեսել էի։
Հաճախ նա գալիս էր Քրիստափոր Միքայելյանի