— Հը՝, ի՞նչ կասես, Սոնա, լակոտդ հետո մեզ էլ գրել-կարդալ կսովորեցնի, հե՜։ Բայց առաջ իր քույրերին, հետո ծնողներին։
— Ես քույրերին էլ ուզում եմ ուսումնարան ուղարկել։
— Թ՛ող նրանք կույսի մոտ գնան, աղջիկները տղերանց հետ չպիտի խառնվեն, թե չէ, ճանաչո՞ւմ ես ինձ։
Եվ, այս ասելով, հայրս իր կապույտ աչքերն այնպես ոլորեց, որ ես սարսափեցի մորս մասին, թեև երբեք նա իր կնոջ վրա ձեռք չէր բարձրացրել։ Առհասարակ նա այնքան դաժան մարդ չէր,որքան կարելի էր կարծել՝ նայելով նրա չափազանց բարձր հասակին և խոժոռ դեմքին։
Չեմ հիշում՝ տարի ու կես թե երկու տարի մնացի Սարգիս վարպետի ուսումնարանում։ Հիշում եմ այն երջանիկ օրը, երբ ծնողներս բարեկամների խորհրդով ինձ տեղափոխեցին եկեղեցական դպրոց։ Դժբախտաբար, այդտեղ էլ երկար ժամանակ չպահեցին։ Հայրս ուզում էր, որ ես ավելի ռուսերեն սովորեմ, քան հայերեն։ Նա ասում էր․
— Հայերեն լեզվի մեջ հաց չկա, եթե չես ուզում տերտեր կամ վարդապետ լինել, գնա ռուսերեն սովորիր։ Երբ այդ օրհնված լեզուն սովորես, ես քեզ կուղարկեմ Մոսկով, որ դու ինքդ ծախես իմ տորոնը Մառոզովին։ Այդ ջհուդ Մարդախայը ամեն տարի ինձ խաբում է հաշիվներս խառնելով։
Ես անցա քաղաքային դպրոց և երջանիկ էի, որ շուտով պիտի խոսեմ ռուսերեն, ինչպես մեր հարևան պրիստավ Միխայել-բեգ Ավշարովը։ Ես, իհարկե, չէի երազում պրիստավկամ չինովնիկ դաոնալու, որովհետև հայրս ավելի լավ ապագա էր խոստանում։ Նա ասում էր․
— Աշխարհի տերը հիմի վաճառականն է, թագավորին ծառայելով՝ մինչև կյանքիդ վերջը ծառա էլ կմնաս, մեջքդ մեծերիդ մոտ ծռած։
Խեղճ մարդ։ Չէր գուշակում, որ մի քանի տարուց հետո ինքն էլ շատերի հետ պիտի սնանկանա և ընկնի ծայր աստիճան չքավորության մեջ։
Ահ, բախտավոր չի եղել ոչ իմ մանկությունը և ոչ էլ պատանեկությունը։ Այն օրից, երբ սկսել եմ քայլել, ծծել եմ կյանքի դառնությունները։ Միջավայրը, ուր ծնվել եմ,