գրավում անխղճորեն։ Հաճախ նա պառկում էր անկողնակալիս վրա և սկսում էր որսված հավի պես կչկչալ, իբրև թե երգում էր «Մեր հայրենիք», «Զեյթունցիներ» կամ մի ուրիշ հայրենասիրական ռազմաշունչ երգ։ Երբեմն նա, թևերը ետ ծալելով, ինձ ըմբշամարտության էր հրավիրում։ Սիրում էր հռհռ ծիծաղելով թավալվել կամ թավալել հատակի վրա։ Մի խոսքով՝ մի անտանելի արարած էր։
Օրիորդն այդ ամենը համարում էր տղամարդու և կնոջ մաքուր ընկերական հարաբերություն։ Նույն կարծիքի չէին քիչ թե շատ սիրուն օրիորդները…
Ուշ գիշեր էր։ Քնած էի։ Հանկարծ երազումս զգացի սառն ծանրություն ճակատիս վրա։ Սարսափով արթնացա և գլխիս քով տեսա մի ճերմակավոր կին՝ կիսամերկ ուսերի վրա սփռված երկար մազերով։ Նա մի ձեռը դրել էր ճակատիս վրա, մյուսը սեղմել էր կրծքիս։
— Խեղճ, խեղճ, դու շուտով պիտի մեռնես,— լսեցի մի ձայն, և ինձ թվաց, թե դրսից էր գալիս։
— Ո՞վ ես դու,— գոչեցի ես, ձեռը ճակատիցս հեռացնելով և գլուխս բարձրացնելով։
Նույն վայրկյանին ներս մտան երկու մութ պատկերներ, լուռ, որպես գիշերային ոգիներ, գրկեցին ճերմակ տեսիլն ու չքացան նրա հետ միասին։ Երազ չէր և ոչ մղձավանջ։ Քովս դրած լամպարը իսկույն վառեցի, ոտքի ելա, որ տեսնեմ, թե այդ ինչ էր։ Երկյուղը հետաքրքրություն է ծնում։ Երբ մի վտանգ ես զգում, անմիջապես ուզում ես գիտենալ, թե ինչ է այն և որ կողմից է սպառնում։ Ես կանգնեցի դռների մեջ, լամպարը բարձրացրի գլխիցս վեր, նայեցի։ Այնտեղ, կորրիդորի խորքում տեղի ուներ ինչ-որ ժխոր։ Թվում էր, որ մեկին խեղդում են կամ մորթում, և այդ մեկը կին է։ Տարտամ քայլերով դիմեցի դեպի այն կողմը, և իմ աչքերի առջև բացվեց հետևյալ տեսարանը. երկու հաղթանդամ տղամարդիկ գցել էին հատակի վրա մի երիտասարդ կին և ծեծելով աշխատում էին նրա ձեռները պարանով կապոտել։ Կինը հուսահատորեն դիմադրում էր, գռգռալով, գալարվելով, կրծոտելով նրանց ձեռները։ Նրա հրավառ, արյունալի, անիմաստ աչքերից կայծեր էին ցայտում։