Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/123

Այս էջը հաստատված է

Երիտասարդը ցույց է տալիս փոխադարձ սեր, խոստանում է ամուսնանալ նրա հետ։ Հագուրդ տալով իր կրքերին, նա մի օր անհետանում է, թողնելով օրիորդին հուսահատ վիճակում… թշվառը ծանր վշտի և ամոթի զգացման ազդեցությամբ հիվանդանում է, և հետզհետե նրա բանականությունը թուլանում է։ Ահա երկու տարի է նա այդ դրության մեջ է...

Ես անհարմար համարեցի այս պատմվածքի ճշտությունը ստուգել հիվանդի մերձավորների միջոցով։ Ինչու՞ քրքրել մարդկանց վերքը, մանավանդ որ նրանք առանց այդ էլ տառապում են ցավից և ամոթից։

Սոսկալի գիշերից հետո թշվառ հիվանդը դարձյալ մի քանի անգամ մտավ իմ սենյակը, իհարկե, ցերեկով, քանի որ գիշերները փակում էի բանալիով սենյակիս դռները։ Սովորաբար նա հանգիստ էր և անվտանգ։ Բայց նա մերթընդմերթ կատաղում էր, և ես կից սենյակից լսում էի նրա ճիչերն ու գոռոցները։ Մի անգամ ես խորասուզված պարապում էի, հանկարծ դիմացս փայլեց մի բան։ Դա խոհանոցի մի մեծ դանակ էր։ Ետևումս կանգնած էր հիվանդը և քրքջում էր։ Ոտքի ելա և, դանակը նրա ձեռքից խլելով, հրավիրեցի նստել և զրույց անել ինձ հետ։ Նա իր քրոջ հակապատկերն էր իր արտաքինով։ Նա շիկահեր էր, նրա կինամոնագույն աչքերը խոշոր էին և գեղեցիկ։ Նա նստեց աթոռի վրա, ետ գցելով թանձր մազերը կիսաբաց ճերմակ կրծքից։ Նա ծիծաղեց և հետո սկսեց ինչ-որ մրմնջալ։ Իմ ոչ մի հարցին նա ուղղակի չպատասխանեց։ Նա շարունակ ցածր ձայնով որոճում էր իր խառնաշփոթ մտքերը և արտասանում էր դարձվածքներ, որոնց իմաստն անկարելի էր ըմբռնել։ Եվ ամեն մի դարձվածքից հետո կրկնում էր՝ Ալբերտ, Ալբերտ, ես քեզ կսպանեմ։ Նա ինձ էլ այդ անունով էր դիմում…

Մի ուրիշ անգամ անբախտ աղջիկը հարձակվեց ինձ վրա երկաթյա մի խառնիչ ձեռքին, այն միջոցին, երբ ես անցնում էի մութ կորրիդորով։

Հասկանալի էր, որ նման պայմաններում ինձ անկարելի էր հանգիստ հոգով զբաղվել իմ գործով։ Զգում էի, որ իմ ներվերն սկսում են բողոքել։