Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/127

Այս էջը հաստատված է

Էր կենում, իսկ մյուսում կենում էր մի շատ սիրուն մինգրելուհի թե օսուհի՝ չգիտեմ։ Իմ և այդ սիրուն կնոջ սենյակների մեջ կար մի դուռ, որի վերին մի փոքրիկ մասն ապակյա էր։ Երեկոները, երբ ապակին լուսավորում էր, գիտեի, որ դրացուհիս տանն է։ Իսկ երբ մութն էր, կնշանակե բացակա է։ Նա գրեթե ամեն գիշեր վերադառնում էր այն ժամանակ, երբ ես քնած էի։

Մի գիշեր, սովորական աշխատանքս ավարտած, հազիվ պառկել էի անկողին, լսեցի մի թրխկոց, որից հետn ապակին լուսավորվեց։ Խելքիս փչեց, որ գողերը կոտրեցին հարևանուհուս դռները, ներս խուժեցին և սենյակը կողոպտում են։ Մտածելս ու ոտքի ելնելս մեկ եղավ։ Առանց մի բան հագնելու վազեցի դուրս, որ հավար բարձրացնեմ։ Անցա ուղղակի դիմացի պատշգամբը, զարկեցի տանտիրուհուս դուռը, աղաղակելով․

— Ռոզալիա Սեմյոնովնա, գողեր, զարթնեցեք, գողեր․․․

Պետք է ասեմ, որ տանտիրուհիս գնդապետի այրի էր և շատ քաջ․ գոնե այդպես էր թվում ինձ, նայելով նրա չափազանց հաղթանդամ մարմնին և տղամարդկային խրոխտ ձայնին։ Դռները բացվեցին, այրին դուրս եկավ՝ մի ձեռում մի վառած մոմ, մյուսում իր հանգուցյալ ամուսնու մերկ թուրը։

— На, иди защищайся,— ասաց նա վրացական առոգանությամբ, մի ձեռիս մեջ դնելով թուրը, մյուսի մեջ՝ մոմը։

Հարևաններս արդեն զարթնել էին և դուրս էին եկել գավիթ։ Ես խրախուսվեցի, վազեցի դեպի հարևանուհուս սենյակը և թրովս դռներին մի զորեղ հարված տալով գոչեցի․

— Է՜յ, ո՞վ կա այդտեղ, թող դուրս գա։

Ոչ մի ձայն։

Մի անգամ էլ զարկեցի, և հանկարծ, զարմանալի տեսիլ․ դռները բացվեցին, և շեմքի վրա երևաց գեղեցիկ հարևանուհիս՝ գիշերային ճերմակ զգեստով, շքեղ մազերը փարթամ ուսերի վրա փռված։

— Ռա՞մբավիյա, վի՞ն արիս,— արտասանեց նա վրացերեն։