Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/128

Այս էջը հաստատված է

Ես արձանացա։ Դժվար չէ պատկերը երևակայել, Պատշգամբի բարձրության վրա կանգնած եմ ես— մի ձեռումս թուրը, մյուսում՝ մոմը, որ միայն ինձ էր լուսավորում մթության մեջ։ Վարից նայում են տասնյակ դեմքեր, իսկ դիմացի պատշգամբից՝ գնդապետուհին։ Այն էլ ավելացնեմ, որ ներքնազդեստս հակառակի պես շատ էլ կարգին չէր։ Բարձրացավ միահամուռ մի քրքիջ։ Ես ամոթահար դեն գցեցի թուրն ու մոմը, մտա սենյակս և դռները կողպեցի։

Հետևյալ առավոտ սենյակս մտավ Ռոզալիա Սեմյոնովնան և, իր հուժկու ձեռները կողերին դնելով, ասաց. это что такое, это что такое.

Ես ոչինչ չասացի։ Նա շարունակեց.

— Ուզում էիր իմ կենողուհուն բռնաբարել, հե՞։ Ի՞նչ է, գեղեցիկ տղա ես, կարծում ես ամեն կին կհափշտակվի՞ քեզնով․ չէ՛, ինչպես տեսնում եմ, մի գիշեր էլ ինձ վրա պիտի հարձակվես ու ինձ բռնաբարես։ Հը՛, փորձիր, էլի, կարելի է կկարողանաս,— ավելացրեց նա թուլուղի չափ կուրծքն ուռցնելով և մի քայլ առաջ գալով։

— Լավ, ի՜նչ եք կամենում ինձնից, այդ ասացեք արտասանեցի ես ետ նահանջելով։

— Պահանջում եմ, որ իսկույն դատարկեք իմ սենյակը, դուք կարող եք մի փորձանք բերել իմ գլխին։

— Շատ գեղեցիկ, Ռոզալիա Սեմյոնովնա, կաշխատեմ մի ուրիշ սենյակ գտնել։

— Ոչ, հենց այսօր, այս ժամին։

— Լավ, այսօր ևեթ կտեղափոխվեմ։

Բայց ես չէի ուզում տեղափոխվել, առանց կանխավ պարզելու, որ ես ոչ մի չար միտում չեմ ունեցել, որ կատարվածն իմ բորբոքված երևակայության ծնունդն էր, որ վերջապես ես ապուշ չեմ, որ հարևանուհուս գրավելու համար այդ խելառ միջոցին դիմեի, որ... և այլն և այլն։ Մի խոսքով՝ ուզում էի վարկս վերականգնել։ Ես ասացի բոլորին, ինչ որ հարկավոր էր. ոչինչ չօգնեց։ Տանտիրուհիս մնաց անհողդողդ։

— Դուրս եկեք և ուրիշ ոչինչ — ասաց և դռներն ուժգին զարկելով՝ հեռացավ։