կինը երկու: որդիների՝ Արամի և Արշակի, հետ գտնվում էր Պարսկաստանում։ Բացի իր ընտանիքից, Րաֆֆին ծանրաբեռնված էր բազմաթիվ մերձավորների նյութական հոգացողությամբ։ Նա ուներ պառավ մայր, երկու եղբայր և ինը քույր։ Եվ բոլորին օգնում էր իր կարողության չափ։ Իսկ վաստակում էր նա իր գրքերի վաճառումից առավելն ամսական մի հարյուր ռուբլի։
Նա ասում էր․
— Ես հանգիստ եմ, չեմ գանգատվում ուրիշ գրողների պես, և մարդիկ կարծում են, որ հարուստ եմ։ Թշնամիներս տարածել են, թե ես բանկում ունեմ քսան հազար ռուբլի։ Չեմ հերքում, թեև քսան կոպեկ չունեմ։ Թող նրանք նախանձից տրաքվեն, իսկ բարեկամներս՝ ուրախանան։
Բոլորովին այլ երևույթ ուներ Րաֆֆին տնից դուրս։ Սև ակնոցները, կիսապարսկական սև մորթե գդակը նրա առանց այդ սև մուգ դեմքին տալիս էին մի տեսակ անախորժ մթություն։ Ոչ ոք այդ մարդուն փողոցում տեսնելով չէր կարող ասել, թե նա գրող է, այն էլ բանաստեղծ գրող-վիպասան։ Քայլում էր Րաֆֆին միշտ միևնույն կանոնավոր, հանգիստ ալլյուրով, դեղնագույն հաստ ձեռնափայտն առջևը պահած, ինչպես եպիսկոպոսն իր գավազանը։
Մի անգամ մի ռուսախոս հայ Աբելյանին հարցնում է․
— Ո՞վ է այն պարսիկը, որի հետ ամեն օր զբոսնում եք դուք և Շիրվանզադեն։
— Րաֆֆին։
— Մի՞թե,— զարմանում է ռուսախոսը,— իսկ ես կարծում եմ, որ պարսիկ դեղավաճառ է։
Այդ փոքրահասակ մարդը, որի գրչից սարսափում էին հակառակորդները, զարմանալի հեզ և համեստ էր մասնավոր կյանքում։ Շատ քիչ էր պատահում, որ վրդովվեր, և երբ գրգռվում էր, գիտեր իրեն զսպել։ Մի անգամ տեղի ունեցավ հետևյալ զավեշտական տեսարանը։
Րաֆֆին Հովհաննես Տեր-Սարգսյան անունով մի թղթավաճառի պարտական էր 400 ռուբլի «Կայծեր»-ի թղթի համար։ Հակառակի պես թղթավաճառի խանութն այն փողոցի