վրա էր (Դվորցովայա, որ այժմ կոչվում է Կոմմունալնայա փողոց), որով ամեն օր Րաֆֆին անցնում էր իր սովորական զբոսանքը կատարելու համար։ Բայց Րաֆֆին չէր շփոթվում, հանգիստ անցնում էր խանութի առջևաթ խանութպանի կատաղի հայացքների և լուռ սպառնալիքների տարափի տակ։ Ամիսներ էին անցնում, Րաֆֆին չէր կարողանում իր պարտքը վճարել։ թղթավաճառը, որի հետ ես Էլ հաշիվներ ունեի, մի շատ տաքարյուն և դյուրագրգիռ մարդ էր։
— Ախպեր, չի տալիս, ի՞նչ անեմ ես այդ մարդուն,- գանգատվում էր նա ինձ ամեն անգամ հանդիպելիս։
Մի օր նա, վերջապես, համբերությունից դուրս է գալիս բռնում է Րաֆֆիին իր խանութի առջև և ասում է.
— Ասա, ախպեր, փողերս տալո՞ւ ես, թե՞ չէ։
Րաֆֆին, իր մուխից դեղնած բեղերի տակից ժպտանման մի բան արձակելով, հանգիստ պատասխանում է։
— Իհարկե, տալու եմ։
— Ե՞րբ։
— Երբ դրամ կունենամ։
— Իսկ ե՞րբ դրամ կունենաս։
— Չգիտեմ։
— Ո՞նց թե չգիտես,— սկսում է տաքանալ թղթավաճառը։
— Չգիտեմ, էլի, այնպես։
— Բայց ես համբերել չեմ կարող, մի աստիճան էլ ավելանում է թղթավաճառի գրգիռը։
— Պետք է համբերել,— ասում է Րաֆֆին ամենայն պաղարյունությամբ.— համբերությունը լավ բան է։
— Այ մարդ, ես սկսում եմ կատաղել։
— Բոլորովին զուր։
— Բայց ես, այնուամենայնիվ, կատաղում եմ։
— Էհ, կատաղիր, ես ի՞նչ կարող եմ անել։
— Այ մարդ, դու քար ես, թե ինչ, «անեծք քեզ, սատանա», կատաղիր, էլի։
Րաֆֆին ժպտում է և, գավազանը առջևը բռնած, հանգիստ հեռանում է։