Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/136

Այս էջը հաստատված է

Կիբալչիչի, Միխայլովի — (Ալեքսանդր 2-րդին սպանողների) հետ։ Մի բան, որ միանգամայն սխալ էր։

Ճիշտ այդ ժամանակ մի փորձ եղավ Րաֆֆիի կյանքի դեմ։ Մի գիշեր ինչ-որ չարամիտներ աշխատում են լուսամուտը կոտրելով խուժել նրա սենյակը։ Րաֆֆին քնած է լինում. արթնանում է, վերցնում է ռևոլվերը և մի քանի անգամ կրակում։ Չարամիտները փախչում են։ Հետևյալ օրը ես գնացի նրան շնորհավորելու վտանգից ազատվելու համար։ Նա ցույց տվեց ինձ գնդակների հետքերը լուսամուտի փեղկերի վրա։

Այս առթիվ Րաֆֆին, 1884 թվականի հունվարի 14-ին էջմիածին իր բարեկամ Ներսես Աբելյանին գրում է․

«Շնորհակալությամբ ստացա ձեր նամակը, որով խնդակցություն էիք հայտնում իմ կյանքին սպառնացող վտանգից ազատվելու համար։ Ես ամեն տեսակ անազնվություն սպասում էի իմ թշնամիներից, բայց այդ չէի սպասում։ Այսուհետև զգույշ կլինեմ։ Երեկոները 7 ժամից դուրս չեմ գալիս։ Գիշերը մի քաջ հասաս պառկած է լինում իմ նախասենյակում։ Այժմ՝ երկու ռևոլվերներ ունեմ, երկրորդը ստացա մի պարոնից։

Հոբելյանի առիթով կատաղած են՝ ամեն կեղտոտություններ գործադրում են արգելելու համար։ Բայց գավառներում սաստիկ արձագանք է գտել այդ միտքը, և ամեն տեղ համակրությամբ են վերաբերվում։

Ուղիղն ասեմ, բարեկամ, ես ամենևին հոժարություն չունեի, որ այս տարի կատարվեր իմ հոբելյանը. դա Գաբոյի և մի քանի բարեկամների ցանկությունն էր։ Ես չէի ուզում գրգռել իմ թշնամիներին, որովհետև ժամանակները վատ են, իսկ նրանք ամեն ցածության ընդունակ են։ Բայց հիմա, որ գործը բավական առաջ է գնացել, այլևս կես ճանապարհից դառնալն ամոթ է»։

Մահափորձի լուրը տարածվելուց երկու օր հետո «Մեղվ»-ի մեջ տպվեց, թե նույն գիշեր նույն հարձակումը եղել է Հայկունու տան վրա։ Րաֆֆին այդ լուրը համարում էր շինովի։Նա ասում էր․

—Պառավ աղվեսն այդ սուտը տպել է նպատակով։