Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/138

Այս էջը հաստատված է

Էր ազդվել նրանից։ Շատ լավ ուսումնասիրել էր նրա ոճը և մասամբ յուրացրել։

Րաֆֆին հայ պատմագիրների մեջ ամենից ավելի սիրում էր Փավստոս Բյուզանդացուն։

Զարմանալի անտաբեր էր Րաֆֆին դեպի արվեստները։ Նա ոչ մի թատերական ներկայացում, ոչ մի երաժշտական երեկույթ, ոչ մի պատկերահանդես չէր այցելում։ Որքան աշխատեցի, չկարողացա նրան համոզել Ադամյանի խաղը գոնե մի անգամ տեսնելու։

Նա ասում էր.

— Եղբայր, այդ մարդուն չեմ սիրում, ինչ ուզում եք ասացեք, հոսոս է, այսօր մեկին է ասում «Շեքսպիրի գլուխ ունեք», վաղը մյուսին։

Թե Րաֆֆին եվրոպական երաժշտություն չէր ուզում լսել, այդ ինձ համար մի աստիճանի հասկանալի էր, որովհետև չէր ըմբռնում նրա գեղեցկությունը։ Զարմանալին այն է, որ, պարսկաստանցի լինելով, անտարբեր էր դեպի արևելյան երաժշտությունը։

Իր կնոջ ու զավակների մասին Րաֆֆին երբեք չէր խոսում. կարելի էր կարծել, որ չէր էլ մտածում։ Բայց իրոք այդպես չէր։ Րաֆֆին փափուկ սիրտ ուներ, միայն լինելով վերին աստիճանի ինքնապարփակ, չէր սիրում իր մասնավոր մտորումներն ուրիշների հետ բաժանել։

Րաֆֆիի աշխատասիրությունն առասպելական էր։ Լինելով արևելցի, զերծ էր արևելյան ծուլությունից ու մեղկությունից։ Նա այն պարկապզուկ միջակությունից չէր, որոնք ձեռները ծալած սպասում են մուսաների գալուն։ Նրա մուսան իր հոգու մեջ էր։ Նա գիտեր, որ տաղանդը երեք քառորդով աշխատասիրություն է։ Նա իսկական ստեղծագործող էր, որի անհանգիստ հոգին միշտ աշխատանք է փնտրում։

Միջին հաշվով Րաֆֆին գրում էր տասնվեց ժամ, երբեմն ավելի։

— Դուք կարող եք քայքայել ձեր առողջությունը ասում էին նրան բարեկամները։

— Ես ինձ առողջ եմ զգում միայն աշխատանքի մեջ,— պատասխանում էր նա։