Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/139

Այս էջը սրբագրված չէ

Րաֆֆին սխալվում էր իր առողջության վերաբերմամբ։

- Գոնե ամառը մի երկու ամիս հանգստացեք, - ասում էի ես նրան։

- Երբե՛ք, այն օրը, որ գրիչս մի կողմ դնեմ, կմնամ անոթի։

Մի օր նա բարեկամների ստիպմամբ գնաց իր ժամանակին հայտնի բժիշկ Գասպարյանի մոտ։ Դա մի զարմանալի կոպիտ մարդ էր և չգիտեր խնայել իր պացիենտների նրբազգացությունը։ Միևնույն ժամանակ մեծ հավատ ուներ դեպի իր անսխալականությունը։ Նա քննեց Րաֆֆիին և ասաց.

- Եթե չդադարեք օրական տասնվեց ժամ աշխատելուց և ծխելուց, թանձր թեյ խմելը չթողնեք, շուտով կճանապարհվեք Խոջիվանք։ Րաֆֆին ազդվեց։ Մի ամսի չափ չծխեց, խմում էր շատ պարզ թեյ, աշխատում էր շատ քիչ։ Անճանաչելի էր նա այդ օրերին, տխուր, մտամոլոր, ներվային ծայր աստիճան։

- ոչ, ոչ, այլևս չեմ կարող չծխել,- գոչեց Նա մի օր.— առանց ծխախոտի ես ինձ ավելի վատ եմ զգում, գլուխըս չի գործում։ Թող կորչի բժշկությունը։ Եվ վերսկսեց նախկին կյանքը։

Րաֆֆին գրում էր, բայց չէր տպում։ Արծրունին արդեն վերադարձել էր Զվիցերիայից և «Մշակ»֊ը վերականգնել։ Նա Րաֆֆիին չէր հրավիրում աշխատակցության և գիտեր, որ եթե հրավիրե, մերժում է ստանալու։ Մեկի ծայրահեղ կամակորությունը հանդիպել էր մյուսի հիվանդոտ ինքնասիրությանը։

Րաֆֆին հրավիրվեց «Արձագանք» շաբաթաթերթին աշխատակցելու։ Նա տատանվում էր ընդունել այդ հրավերը։ Խնդիրը նուրբ էր. Արծրունին և Արդար Հովհաննիսյանը այլևս հակառակորդներ էին, ի նչ կմտածի հասարակությունը, արդյոք նրան գաղափարի դավաճան չի՞ համարի։

Բարեկամները համոզեցին Րաֆֆիին, որ դավաճանության մասին խոսք չի կարող լինել, Րաֆֆին որպես գեղարվեստական գրող կարող է տպել իր երկերը, որ թերթում ևս կամենա, առանց շեղվելու իր ուղղությունից։