Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/14

Այս էջը հաստատված է

խնայում էր իր մոր արցունքները և թե ամաչում էր կտուրներից նայող հարևաններից։

Ես գիշերում էի տատիս հետ առանձին սենյակում։ Ամեն գիշեր, երբ նրա անառակ որդին ուշանում էր դրսերում, լսում էի նրա աղոթքի մրմունջները. «Տեր, դու նրան պահիր, պահպանիր չար փորձանքներից»։ Երևի նրա մայրական սիրտը նախազգում էր, որ մի օր, վերջապես, գալու է մեկն այդ չար փորձանքներից։

Եվ եկավ։ Ուշ գիշեր էր։ Ես վաղուց պառկել էի անկողին։ Տատս այս անգամ անհանգիստ էր սովորականից ավելի, ես էլ նրա պատճառով չէի կարողանում քնել, թեև պառավին խաբելու համար խռմփացնում էի, վերմակիս տակից վախկոտ կատվի պես դիտելով նրա շարժումները։

Վերջացնելով իր սովորական աղոթքը, տատս մինդարի տակից դուրս բերեց մի փոքրիկ կապոց, որի մեջ նա պահում էր մի բուռը սևացած սիսեռներ և գետնի վրա դարսելով նրանց՝ սկսեց համարել։ Այդ սիսեռները թե՛ նրա զվարճությունն էին և թե՛ միակ միջոցը իր սանձարձակ որդու բախտը գուշակելու։ Երկար ժամանակ նրա ոսկրոտ մատները նորեն խառնում ու նորեն բաժանում էին սիսեռները։ Նայում էր նրանց խորասուզված, շարունակ մրմնջալով մերթ աղոթք, մերթ անեծք։ Վերջապես, նա սիսեռները ժողովեց կապոցի մեջ, դեն շպրտեց, պահելով միայն մի հատ։ Այդ մի հատիկ սիսեռը նա դրեց հատակի վրա, դուրս բերեց իր բարձի տակից մի փունջ ասեղներ։ Երեք անգամ երեսը խաչակնքելով՝ նա ասեղները մեկիկ-մեկիկ տնկեց սիսեռի շուրջը և սկսեց նորեն աղոթել։ Զմայլելի՜ միամտություն․ պառավի սնոտի հավատով ասեղները պիտի պաշտպանեին նրա որդուն չար փորձանքներից։

Հանկարծ գիշերային լռությունն ընդհատվեց մի անսովոր դղրդյունով։

Տատս ցնցվեց, ես նույնպես։ Ոտքի ելանք և դուրս վազեցինք, կարծելով, որ երկրաշարժ է։ Լուսին գիշեր էր։ Իր ննջարանի դռների առջև բակում երևաց հորս բարձր կերպարանքը առանց վերնազգեստի։ Նրա ետևից երևաց մայրս,