Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/141

Այս էջը հաստատված է

Ես հրաժարվեցի միջամտելուց։ Հովհաննիսյանն ընդհատեց վեպի տպագրությունը։ Րաֆֆին զայրացավ։ Վեպի աոանձին հրատարակության մամուլները փտում էին տպարանի նկուղում։ Նա հոժարվեց ընդունել Հովհաննիսյանի առաջարկը — շարունակության համար ստանալ տողին․․․ երկու կոպեկ։ Այս էր ամենաժողովրդական հայ գրողի վարձը։

Րաֆֆին մտադիր էր «Սամվել»-ը վերջացնելուց հետո գնալ Կ․-Պոլիս և հետո ճամփորդել Թուրքական Հայաստանում։

— Դուք կտեսնեք,— ասում էր նա,— ես Կ․-Պոլիս կմեկնեմ աննկատելի, Ռափայել Պատկանյանի օրինակին չեմ հետևի, շուրջս աղմուկ բարձրացնելով և անունս թմբկահարելով։

Րաֆֆին չէր կեղծում։ Նրա համեստությունն անկեղծ էր։ Գովասանքներ լսելիս շփոթվում էր շոյված մանկան պես։ Չեմ կարող ասել, որ փառասիրության զգացմունքից զուրկ էր, բայց գովասանքները, որպես սովորական մի տուրք, սառնարյուն ընդունելու ձիրք չուներ։

— Ես համոզված եմ, որ Կ․-Պոլսում շատ կան լրջամիտ և անկեղծ հայրենասերներ,— ասում էր նա,— բայց դժբախտաբար մինչև այժմ մեզ մոտ եկողները զեվզեկներ են եղել․ նա ակնարկում էր որոշ մարդկանց, որոնց թվում և Ծերենցին։ Նա ասում էր․

— Այդ հոսոսն իրան այնպես է պահում, որ, կարծես, հայ ազգի գլխի տերը լինի․․․

Րաֆֆին պատճառ ուներ Ծերենցին ատելու։ Պատմում էին հետևյալը․ մի օր Րաֆֆին «Մշակ»-ի խմբագրատանը հանդիպում է Ծերենցին։ Այն ժամանակ Րաֆֆին Մելիքզադե ստորագրությամբ հրապարակախոսական հոդվածներ էր գրում ազատամիտ ուղղությամբ։ Ծերենցը, որպես պահպանողական, այդ ուղղության հակառակորդներից էր։ Առաջին անգամ հանդիպելով նա Րաֆֆիին, գոռոզ եղանակով հարցնում է․

— Դո՞ւք եք Մելիքզադեն։ — Այո։

— Դուք Մելիքզադե չեք, այլ հարամզադե,— գոչում է