Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/142

Այս էջը հաստատված է

բարկացկոտ ծերանին, մոռանալով իր եվրոպական կրթությունը։

Րաֆֆին արհամարհանքով լռում է։ Նա Ծերենցին և նրա գրչին կարևորություն չէր տալիս։ Բացի դրանից, նա սիրում էր կռվել ոչ խոսքով, այլ գրչով։ Եթե կռիվը գրչին հասներ, հազիվ թե Ծերենցը երկար ժամանակ դիմանար նրա մտրակի հարվածներին։ Ես մինչև այժմ չեմ տեսել հայ գրականության կամ մամուլի մեջ մի ուրիշ գրիչ, որ բանակռվի մեջ այնքան կուռ և լոգիկ լիներ, որքան Րաֆֆին։ Միայն մի թերաճն ուներ նրա բանակռիվը, արտահայտությունների մեջ անզուսպ էր և հաճախ չէր վարանում վիրավորել հակառակորդի անգամ անձնավորությունը։ Րաֆֆին «Մեղվ»-ի խմբագիր Պետրոս Սիմոնյանցի անունը դրել էր պառավ աղվես»։

Մի օր Ղազարոս Աղայանը Պերճ Պռոշյանի և իմ ներկայությամբ ինչ-որ խնդրի վերաբերմամբ վեճի բռնվեց Րաֆֆիի հետ։

— Ուզում ես, եկ վիճաբանենք լրագրի մեջ,— գոչեց Աղայանը լեռնականի ահեղ ձայնով։

— Լավ,— ասաց Րաֆֆին հազիվ լսելի ձայնով։

Այդ ժամանակ Աբգար Հովհաննիսյանը Եվրոպայումն էր- «Արձագանք»-ը ես էի խմբագրում։ Ուզում եմ ասել, պաշտոնական պատասխանատուն ես էի, որովհետև «Արձագանք» շաբաթաթերթը փաստորեն առհասարակ ես էի խմբագրում։

— Թույլ կտա՞ս «Արձագանք»-ի մեջ բանակռվելու,— դիմեց ինձ Աղայանը։

— Ուրախությամբ,— ասացի ես,— միայն պայմանով, որ իրարու անձնականը չվիրավորեք։

Երկուսն էլ պայմանս ընդունեցին։ Եվ, իրավ, սկզբում բանակռվեցին շատ կորեկտ, բայց հանկարծ միաժամանակ կատաղեցին, էլ «Համադանի էշ», էլ «Ավարայրի ավանակ», «Սալմաստի խաչագող», ինչ ասես լեցրին։ Աղայանը մի ոտանավորի, Րաֆֆին մի հոդվածի մեջ։

Երկուսին էլ, հայհոյանքները մի-մի անգամ տպելուց հետո, ասացի․

— Պարոններ, ներեցեք, այլևս չեմ կարող թույլ տալ։