կարծում էինք անցողիկ մրսողություն է, անվտանգ։ Տեր-Գրիգորյանց անունով մի բժիշկ հայտնեց մեզ, թե հիվանդը թոքերի բորբոքում ունի։ Հրավիրվեց անսխալականություն կարծվող Գասպարյանը, որ, դժբախտաբար, այս անգամ չսխալվեց — Րաֆֆիի դրությունը շատ լուրջ էր։ Երեք օր անհանգիստ վիճակում էինք։ Ամեն առավոտ և երեկո գնում էինք տիկնոջից տեղեկություն ստանալու։ Արգելված էր հիվանդին այցելել։
Զատկի օրերն էին։ Հինգշաբթի երեկո գնացի։ Րաֆֆին արդեն ոտքի վրա էր, զարմացա, խալաթը հագին, ցնցուղը ձեռքին ծաղիկներ էր ջրում։
— Այդ ի՞նչ եք անում,— գոչեցի ես,— ինչո՞ւ այդպես շուտ վերկացաք անկողնից, կարող եք մրսել։
— Ոչ,— պատասխանեց Րաֆֆին իր սովորական անդորրությամբ, այլևս ազատված եմ մահից։ Թշնամիներս երևի արդեն տոնում էին իմ դագաղը, այժմ թող մի քիչ տանջվեն, դեռ մի քսան տարի էլ ապրելու եմ։
Ավաղ, չար նախազգացումն ինձ պաշարեց։ Հրաժեշտի վայրկյանին, երբ սեղմում էի նրա թույլ ձեռքը, հիշեցի հետևյալ դեպքը․ Ծերենցի թաղման օրն էր, խմբված էինք Մողնու եկեղեցու գավիթում։ Րшֆֆին Պռոշյանին ասաց․
— Պռոշ, պատրաստվիր, հերթն այժմ քոնն է։
Պռոշյանը, որ մոտ տասը տարով մեծ էր Րшֆֆիից, շրթունքները սեղմելով և չարախինդ ժպտալով պատասխանեց․
— Բարեկամ, շատ կուժեր մնում են, կուլաները կոտրվում են։
Երկու օր անցած, զատկի կիրակի առավոտյան գնացի Րաֆֆիին տեսնելու։ Փողոցում, դռների առջև հանդիպեցի Ստեփան Զելինսկուն։ Այդ քառասնամյա մարդը լալիս էր երեխայի պես։
— Մեռել է,— ասաց նա և հեկեկաց։
— Բայց ե՞րբ, ի՞նչպես, չէ՞ որ երկու օր առաջ ոտքի վրա էր։
— Գնա, տես բարեկամիդ դիակը, գուցե քեզ ասի մահվան գաղտնիքը։