Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/148

Այս էջը հաստատված է

որ գրավիչ էր այն ժամանակվա հեղափոխականորեն տրամադրված երիտասարդության համար։ Շատերն այդ գրքերից ես կարդացել էի արդեն Բաքվում և այս պատճառով կանոնավոր չէի հաճախում ժողովները։ Բացի դրանից, բարվոք էի համարում հազվագյուտ գրքերը վերցնել և տանը կարդալ ավելի լավ ըմբռնելու համար։ Ահա այդ ժամանակ էր, որ ծանոթացա Բակունինի, Գերցենի, Չերնիշևսկու և Բերելի գործերին։ Ժողովներում կարդացվեց և Կարլ Մարքսի «Կապիտալ»-ը, բայց ոչ լիովին, թե ինչու՝ չեմ հիշում։ Երևի դյուրամաչելի չլինելու պատճառով։ Հետո միայն ես կարողացա ձեռք բերել մի օրինակ այդ գրքից։ Կարդացի և նվիրեցի Ներսես Աբելյանին։

Այդ ժամանակ էր, որ մի քանի երիտասարդներ մտածեցին հրատարակել մի «գաղտնի» թերթ և ինձ էլ հրավիրեցին մասնակցել։ Թերթի անունը դրեցինք «Մունետիկ», եթե չեմ սխալվում՝ իմ առաջարկությամբ։ Դիմեցինք հեկտոգրաֆիայի օգնության և մասնակցողներից մեկի սենյակը դարձրինք «խմբագրատուն»։ Առաջնորդողները գլխավորապես ես էի գրում․ թե ինչ էի գրում, այսօր դժվարանում եմ ասել․ երևի գրածներս կարևոր բաներ չէին, որ հիշողությունիցս թռել են։ Չեմ հիշում նույնպես, թե քանի համար հրատարակեցինք․ գիտեմ, որ թերթի գոյությունը երկար չտևեց, և մենք՝ աշխատակիցներս, բաժանվեցինք, ու այդ բաժանումը եղավ հավիտենական։

Թերթի գոյության ընթացքում մենք հեկտոգրաֆիայով հրատարակեցինք Միքայել Նալբանդյանի «Երկրագործությունը»։

«Արձագանք» շաբաթերթը կլանում էր իմ ամբողջ ժամանակը։ Ես հրավիրված էի քարտուղարի պաշտոնով, բայց շուտով թերթի գրեթե ամբողջ լուծն ինձ վրա ընկավ։ Ես էի նրա իսկական խմբագիրը, առաջնորդողներ գրողը, մամուլի տեսության կազմողը, քննադատը, թատրոնական ռեցենզենտը, թարգմանիչը, սրբագրիչը, էքսպեդիտորը։ Վերջապես, ես էի պարտավոր տալ վեպիկներ, պատմվածքներ, ֆելիետոններ (Մաղքոս կեղծ անունով): Ես նման էի այն թափառաշրջիկ երաժշտին, որ բերնով սրինգ է նվագում, ոտով թմբուկ զարկում, գլխով ծնծղա, և որին ֆրանսիացիք «Մարդ-օրկեստր» են անվանում