Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/154

Այս էջը հաստատված է

չօգնեց նրան։ Վրա հասավ Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության անդամների տարեկան ընդհանուր ժողովը։ Աբգար Հովհաննիսյանն այդ բանկումն էր դիրեկտոր։

Չեմ հիշում հայ գործչի մի անուն, որ այնպիսի կատաղությամբ ու անամոթությամբ հորջորջված լիներ, որպես այդ օրը Աբգար Հովհաննիսյանի անունը։ Ամբաստանում, զրպարտում, հայհոյում են մարդուն ամենքը, որոնց ճակատին դրոշմված էր «վաճառական», իսկ այդ օրը վաճառական էր ամենքը, սկսած վերջին մրգավաճառից մինչև հայտնի բժիշկը, փաստաբանը, ինժեները։ Դա կատաղած գայլերի մի ոհմակ էր, որի ժանիքներին փորձել էր դիպչել մի հանդուգն ձեռ։




Ի՞նչու ես ընդհարվեցի Աբգար Հովհաննիսյանի հետ և վերջը բաժանվեցի՝ այլևս չհանդիպելու պայմանով…

Տոնվում էր Գրիգոր Արծրունու հրապարակախոսական գործունեության քսանհնգամյակը։

Տոնակատարությանը մասնակցում էր հայ բուրժուազիան ոչ այնքան գրչի մարդուն իր հարգանքը ցույց տալու, որքան իր վրեժն «Արձագանք»-ից առնելու համար։

Աբգար Հովհաննիսյանը խմբագրատուն հրավիրեց «Արձագանք»-ի աշխատակիցներին խորհրդակցելու՝ հարկավո՞ր է արդյոք շնորհավորել Արծրունու քսանհնգամյակը, թե՞ ոչ։ Այդ ժողովին ներկա եղողներից հիշում եմ Ալեքսանդր Երիցյանին, Գարեգին Ենգիբարյանին, Պերճ Պռոշյանը և Գաբրիել Սունդուկյանցը մերժել էին ներկա լինել։

Միաձայն որոշվեց՝ չշնորհավորել Արծրունուն։ Ես դեմ էի այդ որոշմանը և ասացի․

— Իսկ ես վաղը կերթամ և կշնորհավորեմ։

— Դո՞ւք կատա՞կ եք անում,— հարցրեց Հովհաննիսյանը հեգնանքով։

— Ոչ, ես լուրջ եմ ասում։ Իմ գրական գործունեությունը ես սկսել եմ «Մշակ»-ի էջերում․ ապերախտություն կլինի իմ կողմից մոռանալ Արծրունուն։