— Այն ժամանակ դուք կզրկվեք «Արձագանք»-ին աշխատակցելու պատվից։
— Չեմ մտահոգված այդ մասին։
Մյուս օրը գնացի տոնախմբությանը։ Ես եկել էի միայն պաշտոնապես սեղմելու Արծրունու ձեռքը, բայց նա ինձ տեսնելով զգացվեց, հարձակվեց ինձ վրա, և մենք համբուրվեցինք։
Աբգարի սպառնալիքը սահմանափակվեց մի սրամիտ ֆելիետոնով այդ համբույրի մասին։ Նա ինձ չէր կարող զրկել «Արձագանք»-ին աշխատակցելու «պատվից», որովհետև ես էի կարևոր թերթի համար, և ոչ թերթը ինձ համար։
Պատահեց և մի ուրիշ ավելի կարևոր դեպք։ Ղազարոս Աղայանը «Տարազ» շաբաթաթերթի մեջ գրել էր մի անստորագիր հոդված, որով նա Աբգար Հովհաննիսյանի վրա բարդում էր տասն և ինը զանազան մեղադրանքներ։ Դա ժամանակի ոգին էր՝ գաղափարական վեճը միշտ վերածել անձնականի և աշխատել հակառակորդին ամեն կերպ անվանարկել, մեղադրելով նրան չկատարած հանցանքների մեջ։ Այդ տեսակետից Ղազարոս Աղայանը մանավանդ չափ ու սահման չէր ճանաչում։
Աբգար Հովհաննիսյանը դիմեց դատարանին, պատասխանատվության կանչելով «Տարազ»-ի խմբագիր Տիգրան Նազարյանին։ Գործը քրեական էր. եթե Հովհաննիսյանը կարողանար ապացուցանել զրպարտության թեկուզ մի մասը, Նազարյանը պիտի դատապարտվեր երկուսից մինչև ութ ամիս բանտարկության, որպես զրպարտիչ։
Ես Հովհաննիսյանի կողմից կանչված էի քննիչի մոտ որպես վկա մի քանի կետերի վերաբերմամբ։ Երբ քննիչը ինձ հարցրեց՝ ճի՞շտ է արդյոք, որ Հովհաննիսյանը հանգուցյալ Րաֆֆիի վարձը չի վճարել, ես պատասխանեցի.
— Այդպես չէ։ Րաֆֆին իր վարձը կանոնավոր ստացել է, միայն մնացել է խմբագրության վրա մի փոքրիկ գումար, այն է՝ 142 ռուբլի, որ չի վճարված։
— Ո՛չ,— հերքեց Հովհաննիսյանը,— Րաֆֆին իր վարձն ստացել է ամբողջովին։
— Սխալվում եք, պարոն Հովհաննիսյան,— պնդեցի