Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/157

Այս էջը հաստատված է

երկար փափախ, թևավոր չուխա, մետաքսյա արխալուղ, կոճակներով ու բաց կրծքով իսկ և իսկ Բարխուդարը «Նամուս»-ի մեջ։ Նրա դեմքի վրա խաղում է մի նենգամիտ ժպիտ։ Նա շատ լավ գիտե, որ խաղացվում է մի ֆարս, և ինքն էլ գործող անձերից մեկն է ու հոգեպես զվարճանում է, ինչպես մի չարաճճի իր դերով մանկական թատերախաղի մեջ։ Նա յուրաքանչյուրի հետ խոսում էր դիմացինի լեզվով — ռուսի հետ—ռուսերեն, վրացու հետ — վրացերեն, հայի հետ — հայերեն, ֆրանսիացու հետ—ֆրանսերեն, գերմանացու հետ — գերմաներեն, իտալացու հետ — իտալերեն։ Եվ բոլոր լեզուները ընտիր գրականով։ Եվ նրա յուրաքանչյուր դարձվածքի մեջ կա և՛ իմաստ, և՛ սրախոսություն։

— Ո՞վ է այդ զարմանալի ասիացին,— հարցնում էին իրար ռուս գեներալները։

Սակայն նա ասիացի չէ։ Նա Աբգար Հովհաննիսյանն է — ինտելիգենտ եվրոպացի իր ուսմամբ և կրթությամբ։

Աբգար Հովհաննիսյանը հրապարակախոս չէր։ Նա տաղանդավոր ֆելիետոնիստ էր և ամենասրամիտը, որ երբևէ ունեցել է հայ մամուլը։ Նա կլիներ երևելի երգիծաբան, եթե իրան չմանրացներ։ Նա և հռետոր էր բարձր տեսակի, ֆինանսիստ էր առաջնակարգ, գեղարվեստագետ, սեղանապետ հաճելի միջազգային հացկերույթներում։ Իբրև մարդ, Աբգար Հովհաննիսյանը չար չէր, թեև սիրում էր տեղի-անտեղի ծաղակոծել մարդկանց։ Փառասեր էր, ինչ ասել կուզե, սակայն գիտեր տեղը եկած ժամանակ քողարկվել համեստության շղարշով, որպես կյանքի դերասան։ Շատ էլ հաստատակամ չէր բարոյական սկզբունքների մեջ։ Դրամը սիրում էր ոչ դրամի, այլ կյանքի համար։ Ընկերային մարդ էր բառի ընդարձակ իմաստով և հյուրսեր անսահման։ Կնամոլ էր, բայց ոչ մինչև ցոփություն և երիտասարդ հասակում ունեցել էր մեծ հաջողություն կանանց մեջ ու մեկից ավելի ռոմաններ։ Սակայն այդ չէր խանգարում նրան լինել և՛ սիրող ամուսին, և՛ զգայնասիրտ ու բարի հայր։ Հիշաչար էր, քինախինդ, բայց և տեղը եկած ժամանակ ջենտլմեն։ Չնայելով լարված հարաբերություններին, նա ջանք չէր խնայել Արծրունու կալվածքը կորստից փրկելու և, եթե Արծրունին համառ չլիներ ու