լսեր նրա խելացի խորհուրդները, չէր զրկվիլ իր հարստությունից։
Աբգար Հովհաննիսյանը օրվա մարդ էր։ Նրա ամբողջ ինտելեկտուալ արժեքը իր ներկայի մեջ Էր, ապագան շատ էլ չէր ժպտում նրան, և ինքն էլ այդ մասին առանձին հոգացողություն չուներ։ Կան գործիչներ, լինեն նրանք գրական թե հասարակական, որոնք փառքը ասուպ է. փայլեց մի վայրկյան և անցավ։ Աբգար Հովհաննիսյանն այդպիսիներից էր։ Նա հետք չթողեց ոչ գրական և ոչ հասարակական կյանքի մեջ, վասնզի փարոս չէր ոչ իր ժամանակակից սերնդի և ոչ մանավանդ հաջորդ սերունդների համար։
Այսպես էր Աբգար Հովհաննիսյանը։ Այն մարդը, որ իր ժամանակին հայ կյանքում կատարել է խոշոր դեր։ Նա, որ Ստեփաննոս Նազարյանի «Հյուսիսափայլ»-ից հետո լավագույն հայ գրական-գիտական ամսագրի՝ «Փորձ»-ի հիմքը դրեց, թեև չունեցավ ոչ մի մասնակցություն նրա մեջ։ Վերջապես, նա էր, որ ասպարեզ տվեց Պերճ Պռոշյանի, Գաբրիել Սունդուկյանցի և Գամառ-Քաթիպայի գրիչներին և, ընդհատելով Րաֆֆիի լռությունը, խրախուսեց նրան գրելու իր լավագույն երկը՝ «Սամվել»-ը։ Մի՞թե այդ քիչ բան է։
Աբգար Հովհաննիսյանը ծայրահեղ նացիոնալիստ էր, երբեմն մինչև շովինիզմ։ Երիտասարդ տարիքում նա մի երեկո իր բարեկամների հետ ընթրելիս է լինում Թիֆլիսի «Կրուժոկ» անունով կլուբում։ Կից սեղանի քով նստած է լինում մի մեծապաշտոն ռուս գեներալ իր ընկերների հետ։ Հանկարծ Աբգար Հովհաննիսյանն այդ սեղանից լսում է խուլիգանների բերնում սովորական դարձած անարգանքը հայերի դեմ— «Эти армяшки» Աբգարը, առանց տատանվելու, վերցնում է գինու շիշը և նետում գեներալի վրա։ Իրացանցում, աղմուկ, և հետևանքը — այդ օրից կլուբի դռները փակվում են հայերի համար։
Աբգար Հովհաննիսյանն ասում էր.
— Ես պարծենում եմ, որ հայ եմ ծնվել։
Գրիգոր Արծրունին ասում էր.
— Ես դժբախտ եմ, որ հայ եմ ծնվել։