Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/16

Այս էջը հաստատված է

հետո։ Երբ վիրավորը ցավերից գանգատվում էր, պառավը հանդիմանում էր նրան։

— Տես,— ասում էր նա, իր կողը բանալով և ցույց տալով մի թիզ երկայնությամբ և երկու մատ խորությամբ մի սպի։— Իմ յարան քո յարից պակաս չի, ես կնիկ տեղովս քեզ նման չէի տնքտնքում: Ամոթ է։

Պետք է ասեմ, որ իմ տատը իր մարմնավոր ուժով մի բացառիկ կին էր։ Նա բարձրահասակ էր, հաղթանդամ, թիկնավետ, ինչպես մի ըմբիշ։ Նրա կողքի վերքն ուներ իր պատմությունը։ Մի գիշեր լեզգի ավազակները հարձակվում են նրա աղջկա տան վրա՝ կողոպտելու նպատակով։ Այդ գիշեր պատահաբար տատս իր աղջկա մոտ է լինում։ Ամառվա շոգի պատճառով նրանք քնած են լինում պատշգամբի վրա․ Աղմուկից զարթնելով, տատս աներկյուղ դիմադրում է ավազակներին։ Նրանցից երեքին մեկը մյուսի ետևից բռնում է և պատշգամբից վար գցում։ Չորրորդը կարողանում է դաշույնով վիրավորել նրան և փախչել։

Այդ դեպքից հետո ազգաբնակչությունը հերոսացնում է տատիս, անվանելով նրան «ղաչաղների հոգեհան»։

Հազիվ անցել էին մի քանի ամիսներ այն պահից, երբ հորեղբայրս վեր կացավ անկողնից, նա վիրավորվեց երկրորդ անգամ մի ուրիշ իր նման մեկի հետ կռվելիս։ Այս անգամ վերքը եղավ մահաբեր։ Տասնյոթ օր տանջվելուց հետո նա վախճանվեց։ Արյունը, որ հոսել էր նրա վերքերից, խորապես ազդել էր ինձ վրա, այնչափ, որ գիշերները երազումս անգամ նա հալածում էր ինձ։ Եվ այդ պահից է, որ ես չեմ կարողանում տեսնել մարդու արյուն, առանց սարսուռ զգալու։

Հորեղբորս ողբերգական մահից հետո իրարու ետևից եկան մի շարք դժբախտություններ։ Նախ 1872 թվականի երկրաշարժը գրեթե հիմքից ավերեց մեր տունը, և մենք ստիպվեցինք ամբողջ ընտանիքով տեղավորվել խոհանոցում և ախոռատանը, որ մի հրաշքով փրկվել էին ավերումից։ Ապա մի քանի ամիս անցած մեռավ տատս, որ ինձ համար մի զգալի կորուստ էր։ Այնուհետև մեռավ չորս տարեկան եղբայրս՝ Գաբրիել անունով, որին սիրում էի հոգուս ամբողջ