Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/161

Այս էջը հաստատված է

և քննում էր նրանց մակերեսաբար, վայրկյանի տպավորության տակ։ Ապրելով կույր և մեծ մասամբ մանկամիտ երկրպագուների սահմանափակ շրջանում, շարունակ միայն գովասանքներ ու շողոքորթություններ լսելով, նա տարիների ընթացքում աստիճանաբար կորցրել էր ինքնաքննադատության զգացումը։ Ի՞նչպես թույլ մարդը չշփանար, երբ շողոքորթներն ասում էին երեսին․

— Դուք հայ ժողովրդի ռեֆորմատորն եք։

Այո , ճիշտ այդ տիտղոսը տվեց Գիգոր Արծրունուն նրա ամենամոլեռանդ աշակերտ Խաչատուր Մալումյանն իր մի գրքույկում։

Որպես հրապարակախոս Գրիգոր Արծրունին, իհարկե, իր ժամանակակիցներից շատ բարձր էր, բայց անպայման բարձրություն չէր ռուս և եվրոպացի հայտնի հրապարակախոսների համեմատությամբ։ Որպես իմաստասեր՝ նա չուներ Րաֆֆիի մտքի ոչ խորությունը և ոչ դիսցիպլինան։ Նայեցեք այդ երկու մարդկանց լուսանկարներին, և դուք կտեսնեք տարբերությունը երկու դեմքերի արտահայտության մեջ։ Արծրունին, եթե կարելի է այսպես արտահայտվել, նայում է դեպի դուրս, Րաֆֆին— դեպի ներս, մեկը, կարծես, ուզում է ձեզ հետ խոսել անմիջապես, առանց երկար խորհելու, մյուսը, խորասուզված իր ներքին աշխարհը, կարծես, մտածում է՝ պե՞տք է խոսել, թե՞ ժամանակը չէ։ Եթե Րաֆֆին բավականանար սոսկ հրապարակախոսի կոչումով, Արծրունուց շատ և շատ բարձր կլիներ։ Բայց նա օժտված էր գեղարվեստական գրողի ջիղով, ինչպես իր փայլուն տաղանդը դներ պուբլիցիզմի սահմանափակ շրջանակի մեջ։

Արծրունին ինքնասեր էր հիվանդության չափ։ Հակառակորդները գիտեին նրա թուլությունը և հաճախ նենգ ակնարկներով վիրավորում էին նրա ընտանեկան կացությունը։

Րաֆֆին ասում էր․

— Գրիգորը երբեք իր կյանքը չէր կապիլ տիկին Քոչարյանցի հետ, եթե շչիներ թշնամիների անընդհատ հալածանքը։ Սերը չէր, որ միացրեց նրանց, այլ Արծրունու ինքնասիրությունը։

Գիտեին, որ Արծրունին հոգեպես տառապում է, երբ