Շահազիզի հիացմամբ լի երկու նամակները, որ տպվեցին «Մշակ»-ում։ Ծերունի բանաստեղծը, որի հոբելյանը պիտի կատարվեր այդ տարի, «էվելինա»-ն անսահման փառաբանելով, յուրաքանչյուր նամակով գրքույկից 100-ական օրինակ էր պահանջում, հարկավ, արմեքը կանխավ ուղարկելով։ Մի օր «Մշակ»-ում կարդում էինք, թե «էվելինա»-ն թարգմանվում է ֆրանսերեն, մյուս օրը — գերմաներեն, անգլերեն և այլն և այլն… Վերջապես, Աբրահամ Դաստակյան անունով մի արծրունիամոլ վեպիկը թարգմանեց ռուսերեն, հրատարակեց։ «էվելինա»-ն չարժանացավ ռուս մամուլի լուրջ ուշադրությանը, և դրանով վերջացավ «դարագլուխ» հռչակված «էվելինա»-ի ճակատագիրը։
Արծրունին իր ժամանակի երիտասարդության կուռքն էր, բայց ոչ ամբողջության։ Շատերը կային, որ չէին ընդունում նրա հեղինակությունը։ Ինչպես երկրպագուներն էին ծայր չափազանցության հասցնում իրանց կույր պաշտամունքը, նույնպես և հակառակ ծայրերի մեջ Արծրունու իսկական նկարագիրը մնում էր մշուշի մեջ և մինչև այժմ էլ մնում է։ Խաչատուր Մալումյանի գրքույկը մոլեռանդ աշակերտի դիֆերամբ է ուսուցչի հիշատակին։ Անկողմնապահ և լուրջ վերլուծում չէ Լեոյի երեքհատորյա գիրքը Արծրունու մասին։ Նախ Արծրունու կյանքն ու գործունեությունը երեք հատորների նյութ չեն պարունակում, ապա՝ Լեոն իր գործը լցրել է տաղտկալի մանրամասնություններով։ Բացի այդ, պատկառելի պատմաբանն այն ժամանակ չափից դուրս էր հափշտակված Արծրունիով, որպեսզի կարողանար պաղարյուն քննադատել իր կուռքը։ Հավանորեն Արծրունու տոհմագրությունը ճիշտ է, քանի որ Լեոն մանրակրկիտ է պատմական ուսումնասիրության մեջ, բայց բնութագիրը Արծրունու չափազանց միակողմանի։ Ես հավատացած եմ, որ եթե մի օր Լեոն կամենա նորեն հրատարակել իր գործը, նրա միջից շատ կտորներ դուրս կգցե և շատերն էլ կփոփոխե։
«Արձագանք»-ին աշխատակցելու ժամանակամիջոցին, երբ «Մշակ»-ը մեկ-մեկ հարվածում էր ինձ (մեծ մասամբ քողարկված), գիտեի, որ հալածանքը գալիս է գլխավորապես նրա մերձավոր աշխատակիցներից, մասնավորապես