Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/165

Այս էջը հաստատված է

Էին և ելք էին որոնում։ Ոաֆֆին չկար և եթե չիներ էլ, հազիվ թե կարողանար անել այն, ինչ որ սպասվում էր նրանից։ Գրչի ժամանակ չէր, այլ գործի, թե ինչ գործի - ոչ ոք չգիտեր։ Դեպքերն այնքան բարդ էին և այնպիսի թափով էին հաջորդում իրարու, որ ամենքը կորցրել էին իրանց գլուխը և մոլորված դեսուդեն էին վազվզում։ Արծրունին, կարծես, համոզված էր, որ ինքն է կոչված շփոթված մտքերը կարգի հրավիրելու ու ղեկավարելու քաղաքական իմաստով։ Այցելելով նրան, երբեմն տեսնում էի չափազանց հուզված և միշտ հուզվելիս նա դողում էր ամբողջ մարմնով։ Թուրքիայից փախչող հայերը «Մշակ»-ի խմբագրատուն էին գալիս և պատմում էին սոսկալի եղելություններ սուլթան Համիդի տիրապետության ներքո հեծող ժողովրդի կյանքից, որոնց չհավատալ չէր կարելի։

Այսօրվա սովետական հանգիստ պայմաններում ապրող ու աշխատող երիտասարդ գրողները երևակայել անգամ չեն կարող, թե ինչ վիճակումն էին այն ժամանակ գրչի մարդիկ, և ինչ էր կատարվում նրանց հոգեկան աշխարհում։ Տարրական հանգիստը խանգարված էր, գրիչը ենթարկվել էր անկարության, միտքը գործում էր միայն մի ուղղությամբ - «պետք է օգնել հրկիզյալ ժողովրդին»։ Վերջապես, գրեթե ծիծաղելի էին համարվում այն հատ-հատ մարդիկ, որոնք հանդգնում էին պարապել գեղեցիկ գրականությամբ։ Հիշում եմ, մի օր մի ձեռագիր էի տանում Աբգար Հովհաննիսյանի մոտ կարդալու, փողոցում հանդիպեցի Քրիստափոր Միքայելյանին։

- Այդ ի՞նչ է,- հարցրեց նա, տեսնելով ձեռումս բռնած կապոցը։

Ես պատասխանեցի։ Նա բարձրաձայն ծիծաղեց, ըստ սովորության կանգնած տեղը կաղալով և ասաց.

— Ուրեմն դու դեռ գրո՞ւմ ես։

— Այո։

— Այն էլ վեպե՞ր։

— Այո։

— Այ մարդ, ի՜նչ վեպեր-մեպեր գրելու ժամանակ է,- գոչեց նա տաքանալով,— գրիր որիշ բաներ։