Սիմեոն Զավարյանի և Փարիզից նոր վերադարձած բժիշկ Հովհաննես Լոռու-Մելիքյանի ղեկավարությամբ։ Գարնանը, կարծեմ, 1891 թվականի, նա Արծրունուն խոստացավ առաջիկա աշնան սկզբին տալ մի խոշոր գումար, եթե չեմ սխալվում, 150 000 ռուբլի «թուրքահայերի ազատագրության» համար, խոստացավ և ինքն ուղևորվեց արտասահման։ Արդեն նրա անունը հռչակված էր և վայելում էր «առատաձեռն հայրենասերի» համբավ, թեև այդ համբավը չէր արդարացված մի շոշափելի նյութական զոհաբերությամբ։
Առաքել Ծատուրյան «հայրենասերը» գնաց Փարիզ և այնտեղից անցավ Լոնդոն։ Մի քանի էնտուզիաստ հայեր նրան ներկայացրին Գլադստոնին։ Սակավախոս, գրեթե անբան կրեսոսը միտք հղացավ նշանավոր քաղաքական գործչին ճաշկերույթ տալ, որից հետո նրա անունն ավելի հռչակվեց թե՛ կովկասյան և թե՛ արտասահմանյան հայ լրագրերում։ Ամենքն անհամբեր սպասում էին նրա վերադարձին և ամենից ավելի Գրիգոր Արծրունին։ Աշնանը, վերջապես, մարդը վերադարձավ Թիֆլիս, գնաց Բաքու, ետ եկավ և մի օր մտավ «Մշակ»-ի խմբագրատուն՝ ձեռքին մի թերթ թուղթ։
- Եկել եմ,- ասաց նա անսովոր ինքնավստահությամբ և թուղթը դրեց Արծրունու գրասեղանի վրա։
- Այդ ի՞նչ է,- հարցրեց Արծրունին, որ ուրիշ բան էր սպասում վաթսունամյա ծերունուց։
- Հանգանականության թերթը, - պատասխանեց ծերունին ղարաբաղյան շեշտադրությամբ։
- Փող բերե՞լ եք։
- Կհավաքեմ ու կբերեմ, էս է էլի Բաքու եմ գնում։
— Ո՞րքան պիտի բերեք։
- Ասել եմ, հարյուրից մինչև հարյուր հիսուն հազար մանեթ։
— Այդքա՞նը միայն։
- Հրամանքս, հետո էլի, հըըմ, դե ո՞վ է գիտում ինչ կըլի, Գլադստոնն ասաց, վըեր…
- Դուք ինքներդ ո՞րքան եք տալու։
- Դե էն ա իմ անունն էլ գրած ա էդ թղթի մեջ։