Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/169

Այս էջը հաստատված է

ավելի էր սիրված, քան որևէ մեկը նրա ընկերներից, բացի Սիմեոն Զավարյանի։ Այդ կողմից երկուսն էլ հավասար մակարդակի վրա էին։

Ինչո՞վ էր Քրիստափոր Միքայելյանն իր շրջանի հավատը գրավել - այսօր այդ ինձ համար մի առեղծված է։ Գուցե ֆանատիկոսի հավատով դեպի իր գործը, գուցե անշուք տրամաբանությամբ կամ իր հիսուսանման արտաքինով, մեղա ձայնով։ Մի բան միայն կարող եմ հաստատապես ասել, այն է, որ այդ մարդը մարդկանց հետ վարվելու զարմանալի տակտ ուներ և գիտեր նույնիսկ տրամագծորեն հակադիր տարրերից միություն ձուլել։ Նւյն հատկությունը չուներ Սիմեոն Զավարյանը, բայց Միքայելյանի խորամանկությունն էլ չուներ։ Այդ փոքրահասակ, միշտ շարժուն, միշտ ներվային, միշտ մտահոգ, նիհար ու դժգոհ երիտասարդն ինձ հիշեցնում էր խորթ հողի վրա սնված մի բույս։

Երկուսն էլ իրանց մյուս ընկերների հետ գալիս էին Գրիգոր Արծրունու մոտ, տեղեկություններ էին տալիս և ստանում։ Այդ խումբն էր, որ մի քանի բուրժուաների հետ կազմակերպեց Գրիգոր Արծրունու հրապարակախոսական գործունեության քսանհինգամյակի տոնը, և այդ տոնը դարձրեց մի տեսակ նախերգանք դաշնակցության։

Դաշնակցությունը կազմակերպվեց Գրիգոր Արծրունու գիտությամբ և հովանավորությամբ, բայց ոչ անմիջական մասնակցությամբ։ Արծրունին վախենում էր վտանգի ենթարկել «Մշակ»-ի գոյությունը, որ նրա համար բարձր էր ամեն բանից։ Նա շատ լավ գիտեր, որ մարդիկ ուզում են օգտագործել իր ժողովրդականությունը դրամ ժողովելու համար, և այդ պատճառով շատ էլ մեծ հավատ չէր տածում դեպի նրանց բարեկամության անկեղծությունը։

Մի օր նա ինձ ասաց.

— Այդ տղերքը շատ են դեսուդեն վազում, բայց ես չեմ կարծում, որ նրանք կարողանան որևէ լուրջ գործ սկսել։

Ամենաշատը նրանք կարող են լինել օգտակար գործիք ավելի խոհուն մարդկանց ձեռքում։

Մի ուրիշ օր նա ինձ հարցրեց.