Նա ինձ հրավիրեց իր տունը, ծանոթացրեց ամուսնու հետ և թախանձեց մնալ ճաշի, ասելով, որ շուտով պիտի գան իր ընկերները, որոնք ուրախ կլինեն ինձ տեսնելու։ Ճաշի սեղանն արդեն բացված էր տեղական գորգերով ծածկված հատակի վրա։ Սենյակը եվրոպական կահկարասի չուներ, բացի մի փոքրիկ գրասեղանից և մի հատիկ աթոռից։ Շուտով եկան Ահարոնյանի ընկերները, բոլորն էլ կարծեմ ուսուցիչներ։ Հիշում եմ նրանցից միայն մեկին՝ Ահարոն թե Հմայակ անունով մի վարդապետի՝ ձյունի պես ճերմակ մազերով և պատանու պես աշխույժ ու կայտառ մի մարդու, որ անմիջապես հարձակվեց ինձ վրա անվերջ հարցերով։ Նա խորապես զգացված պատմեց մի քանի ողբալի տեսարաններ թուրքահայ փախստականների կյանքից։ Իգդիրը սահմանագլուխ էր, գլխավորապես այնտեղով էին անցնում ռուսական սահմանը Ալաշկերտի հովիտից եկողները։
Վերադառնում եմ Գրիգոր Արծրունուն։
Այդ մարդու բնույթը հավասարակշռությունից զուրկ էր, և դա նրա դժբախտությունն էր։ Նա ոչ միայն չափազանց ներվային էր, այլև մաղձոտ։ Հոգեբանորեն դա ուներ իր բնական պատճառը։ Մարմնավոր դրությունը մանկությունից ազդելով նրա պսիխիկայի վրա, տարիների ընթացքում ծայր աստիճան սրել էր նրա անձնասիրությունը։ Այն կծու բողոքը բնության անիրավության դեմ, որ մարդը լռորեն կրում էր իր մեջ, աստիճանաբար մաղձոտել էր նրան ինչպես ժանգը երկաթին և հոգին թունավորել մարդատեցության թույնով։ Արծրունին ուղում էր սիրել մարդուն խելքի և մտավոր կարողության պահանջմամբ, բայց զգացումները թույլ չէին տալիս։ Երկու միջոց կար այդ հոգեկան ժանգը ոչնչացնելու համար - կամ բարձր փիլիսոփայական մտայնություն, որ հատուկ է շատ քչերին, կամ դիվային հեգնանք որ ծաղր բնության երեսին, որ հատուկ է դարձյալ շատ քչերին։ Արծրունին չուներ ոչ մինը և ոչ մյուսը։ Նա ոչ փիլիսոփա էր և ոչ երգիծաբան, նա ոչ Կանտ էր և ոչ Սվիֆտ։ Միջին տեսակի իմաստուն էր, մի քիչ բարձր սովորական մահկանացուից, ուստի տառապում էր։ Եվ հաճախ այդ տառապանքը