անդամները հենց առաջին օրից սկսեցին կռվել իրարու հետ մի տակավին ձեռք չբերված ավարի շուրջը։
Այդ ժամանակ դաշնակցության հիմնադիր կոմիտեի ժողովները տեղի էին ունենում Խատիսյանների բնակարանում։ Դա մի համեստ տուն էր՝ գրեթե կիսախարխուլ։ Նա գտնվում էր երկրի կառավարչապետ իշխան Դոլիցինի պալատի կռնակում, այն է, Թիֆլիսի կենտրոնական փողոցներից մեկի վրա, որ այն ժամանակ կրում էր Պետրոս Մեծի անունը, իսկ ներկայումս Ձերժինսկու անունը։ Փողոցի մյուս մայթի վրա, գրեթե Խատիսյանների տան դիմաց գտնվում էր նահանգապետ իշխան Շերվաշիձեի (ապագայում այրիացյալ թագուհի Մարիա Ֆեոդորովնայի սիրականը) բնակարանը։ Իշխանը, հարկավ, որպես պետության ներկայացուցիչ, չէր կարող հանդուրժել ոչ մի գաղտնի ժողով, իսկ Խատիսյանի հայրը, թեև նույնպես ռուս չինովնիկ քաղաքացիական գեներալի տիտղոսով, բավական ազատամիտ մարդ էր և հակառակ չէր իր տանը տեղի ունեցող ժողովներին։ Նա հարգված էր ամբողջ քաղաքից որպես խելացի, շատ պարկեշտ մարդ, ուներ շատ բարեկամներ երկրի բարձր ադմինիստրացիայի շրջանում։ Մեկն էլ այդ բարեկամներից իշխան Շերվաշիձեն էր։
Հետո, շատ հետո իմացվեց, որ վրացի իշխանը հայ գեներալին մի քանի անգամ ասել է.
— Պատվիրեցեք ձեր որդուն, որ ժողովների ժամանակ փողոցի կողմի լուսամուտները փակի կամ գոնե ռուսերեն չխոսեն։ Ես ամեն գիշեր անցնելիս ակամա լսում եմ նրանց վիճաբանությունները։
Ժողովները երբեմն տևում էին մինչև լույս, մերթ ընդ մերթ ես ևս մասնակցում էի։
Կոստանդին Խաստիսյանին չհաջողվեց Պարսկաստան գնալ։ Նա ինժեներ էր և լավ քիմիկոս։ Վճռեց ուժանակ պատրաստելու փորձեր անել տանը։ Մի օր նա կես մատնաչափ ուժանակ ձեռքին իջավ տան առջև գտնված պարտեզը, որ փոխարքայի պալատի պարտեզից բաժանված էր մի ցածր պարիսպով։ Նա փորեց մի փոս և այնտեղ դրեց ուժանակն ու փորձեց։ Լսվեց մի ուժեղ թնդյուն, երկրից պոկվեց