Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/183

Այս էջը հաստատված է

Էի կարծում, բայց այժմ թույլ տուր ասել, որ կասկածում եմ։

— Ինչո՞ւ։

— Չգիտեմ, դեռ չեմ պարզել ինքս ինձ համար։ Գիտեմ միայն, որ հոգուս խորքում կա մի բան, որ թույլ չի տայիս ինձ լիովին հավատալու ձեր գործին։ Տես, ահա քանի տարի է՝ «Դրոշակ»֊ը հրատարակվում է, ես մի անգամ էլ ցանկություն չզգացի նրա որևէ համարը նույնիսկ պարզ հետաքրքրության համար ձեռքս վերցնել, ուր մնաց կարդալ։

— Ի՞նչ է նշանակում այդ,— գոչեց Քրիստափորը այլայլվելով։

— Այդ նշանակում է, որ ձեր գաղափարը խորթ է իմ հոգուն։

— Ոչ, այդ նշանակում է, որ դու կամ չես հետաքրքրվում մեր տառապյալ ժողովրդի վիճակով, որ մի ոճիր է քո կողմից, կամ նրա ազատագրության թշնամին ես։

— Թողնենք մի կողմ, թե ով է մեզնից ավելի հետաքրքրված ժողովրդի վիճակով, խոսենք ձեր մասին։ Դուք, դաշնակցականներդ, հեղափոխականներ չեք։

— Ի՞նչպես, այդքան արյուն թափելուց հետո,— գոչեց Միքայելյանը վրդովված,— ուրեմն դու չե՞ս հարգում մեր նահատակների հիշատակը։

— Խոսքս նրանց մասին չէ, Քրիստափոր, զուր մի գրգռվիր, խոսքս դաշնակցության ղեկավարների մասին է։

— Չեմ հասկանում։

— Լսիր, Քրիստափոր, իմ կարծիքով հեղափոխությունը արհեստ չէ, այլ արվեստ։ Իսկական հեղափոխականը ծնվում է որպես այդպիսին, ինչպես երաժիշտը, նկարիչը կամ բանաստեղծը։ Իմ խիղճն ինձ չի կարող թելադրել ուրիշներին ասելու՝ վերցրե՛ք հրացանը և գնացեք կռվի դաշտ՝ այն ժամանակ, երբ ինքս հանգիստ նստած եմ իմ տանը։ Իսկական հեղափոխականը առաջ ինքն է վերցնում զենքը, հետո ուրիշներին համոզում նույնն անել։ Վերջապես, ես համոզված եմ, որ զենքով դուք չեք կարող հայրենիք նվաճել, դուք վտանգի եք ենթարկում թուրքահայ ժողովրդի կյանքը։