տոնով։ Ավելի ցարական գոռոզ գեներալի հովեր ուներ, քան բանաստեղծի հեզություն։ Զգում էիր, որ մարդը մեծ երևալու ճիգեր ունի։ Խոսում էր մեծ մասամբ ռուսերեն և խոսում էր մաքուր միայն նախիջևանցու տափակ առոգանությամբ։
Առաջին տարին, որ հանդիպեցինք, ես էի նրա համար հասարակական հացկերույթ կազմակերպողը և մասնակցողների ցուցակ պատրաստողը։ Այս առիթով ես մինչև անգամ գնացի Կոջոր ամառանոց՝ Գրիգոր Արծրունուն խնդրելու, որ գեթ մի օր մոռանա ատելությունը և մասնակցի հացկերույթին։ Այդ ժամանակ նրանց հարաբերությունները գրեթե խզված էին. մեղավորը բանաստեղծն էր։ Նա իր «Աստառ» վերնագրով պամֆլետի մեջ Արծրունու մասնավոր կյանքի վերաբերմամբ թույլ էր տվել այնպիսի կեղտոտ ակնարկներ, որոնցից երդվյալ պոռնոգրաֆիստն անգամ կամաչեր։ Արծրունին խոստացավ ճաշկերույթին գալու, բայց չեկավ, երևի դարձյալ ենթարկվելով տիկին Մարոյի ազդեցությանը։ Երբ ես գնացի Գամառ-Քաթիպային ճաշկերույթին հրավիրելոլ, ձեռն ուսիս վրա դնելով՛ ասաց.
— Ну, батюшки, дитя не плачет, мать не разумеет,
— Ի՞նչ եք ուզում ասել, վարպետ։
— Լսեցի, որ վեպ ես գրել «Նամուս» անունով, ինչո՞ւ չէիր ինձ ասում։
— Ի՞նչ կարիք կա ձեր ուշադրությունն ինձնով զբաղեցնելու։
— Ի՞նչպես թե ինչ կարիք,— գոչեց Գամառ-Քաթիպան, կարծես մի տեսակ վիրավորված,— ես կգրեի ձեր մասին «Արձագանք»-ի մեջ, վեպը կտարածվեր։
Իհարկե, նրա հեղինակավոր ձայնը գնահատելի էր ինձ համար, և նա հավատացած էր, որ այդպես է, ուստի դժվար էր նրա համար երևակայել, որ ինձ նման մի սկսնակ, թեկուզ համեստությունից և նրբազգացությունից դրդված, կարող է չդիմել իր հովանավորությանը։ Ես մինչև այսօր էլ չեմ հասկանում՝ ինչո՞ւ սկսնակներն իրենց գործը տանում են այս կամ այն անվանի գրողին և խնդրում են կարդալ կամ լսել, հուսա-