ժողովրդականությունից։ Նույնիսկ Պերճ Պռոշյանը, այդ ամենաներողամիտ, ամենահամբերատար մարդը, Գամառ-Քաթիպայի անունը լսելիս հոնքերը կիտում էր։ Նախիջևանից եկող մտավորականները միշտ գանգատվում էին նրա դեմ։ Այս բոլորի պատճառը Գամառ-Քաթիպայի տարօրինակ բնույթն էր։ Մի անգամ, երբ Աբգար Հովհաննիսյանը Գամառ-Քաթիպային անվանեց մեծ բանաստեղծ, ես հարցրի․
— Հապա ինչու՞ այդ մեծ բանաստեղծին գցել եք Նոր-Նախիջևանի պես մի փոս և չեք աշխատում նրան բերել Թիֆլիս։
— Որովհետև եթե նրան Թիֆլիս բերենք, ես ու դուք մի օր իրար դեմ կելնենք դանակներով։
— Չեմ հասկանում ինչու։
— Լսեցեք։ Մի անգամ Գամառ-Քաթիպան ինձ հարցնում է. «Աբգար, ի՞նչ է գտել Գրիգոր Արծրունին այդ մագաղաթյա Մարոյի և ի՞նչ է գտել Մարոն այդ սապատավորի մեջ, որ իրարու սիրահարվել են»։ Ես առանց որևէ ետին մտքի պատասխանեցի. «Աստված նրանց ասել է. «Սիրեցեք միմյանց, ապա թե ոչ թույլ չեմ տալու ոչ մի սատանայի ձեզ սիրելու»»։ Մյուս օրը Գամառ-Քաթիպան, հրավիրված լինելով Արծրունու մոտ, ճաշի ժամանակ գինու բաժակը բարձրացնում է ու ասում. «Մարո, Գրիգոր, ձեր կենացը. Աբգարն ասում է, թե աստված ձեզ հրամայել է սիրել միմյանց, ապա թե ոչ»... և այլն։ Արծրունին, իհարկե, կատաղում է, և ահա այդ օրից է սկսվել նրա թշնամությունն իմ դեմ։
Մի ուրիշ անգամ Գամառ-Քաթիպան Թիֆլիսում հրավիրված է լինում թեյի իր մի բարեկամի և երկրպագուի մոտ։ Թեյի ժամանակ երկու բարեկամների քաղցր զրույցի միջոցին մյուս սենյակից գալիս է տանտիրոջ կենակցուհին՝ ճերմակ զգեստով մի օտարոտի, բարձրահասակ, նիհար կին։
— Բա՛հ,— գոչում է բանաստեղծը,— այդ ուրվականն ո՞վ է․
— Ես կատաղեցի, հազիվ կարողացա ինձ զսպել, որպեսզի այդ խելագարին չվռնդեմ իմ տնից,— ավելացրեց եղելությունը ինձ պատմող տան տերը, որ մի պատվելի բժիշկ էր։