Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/189

Այս էջը հաստատված է

ո՞վ կարող է չտեսած տաղանդի մեծությունը պատկերացնել։

Ինքը— Ադամյանը շատ լավ գիտեր իր ապագան։ Գիտեր, որ մարմինը գերեզմանին տալով, տալու է և հիշատակն իր մասին։ Այս գիտակցությունը տանջում էր նրան կատարելապես. քանի՜-քանի անգամ այցելելով նրան, տեսել եմ վրձինը ձեռքում նկարելիս կամ գրասեղանի քով նստածգրելիս։

— Ի՞նչ եք անում,— հարցնում էի ես նրան։

— Էհ, բարեկամս, կռվում եմ մոռացման դեմ։

Սոսկ դերասանի համբավը չէր գոհացնում նրա անհագ ոգին։ Ճգնում էր գրականության կամ նկարչության մեջ ևս տեղ ունենալ, իհարկե, ոչ ետին տեղը։

Մի անգամ Բաքվում նա ինձ համար կարդաց մի պատմըվածք։ Դա մելոդրամային գրվածք էր, շատ պիեսին, որի մեջ նման բովանդակությամբ «Ոճրագործի ընտանիքը» պիեսին, որի մեջ Կորրադոյի դերը կատարում էր այնքան հրաշալի։ Երբ վերջացրեց սքանչելի ընթերցումը, նայեց երեսիս հարցական հայացքով։ Ես տարված էի նրա թավշային բարիտոնի երաժշտականությամբ։

— Ահ,— գոչեցի ես,— ի՞նչ հիանալի եք արտասանում…

Չմտածեցի, որ Ադամյանի սպասածն այդ չէր։

— Այո՝, իհարկե, հասկանալի է,— ասաց նա և, մի ներվային շարժում անելով, մոտեցավ վառարանին ու ձեռագիրը գցեց այնտեղ։

Ադամյանին զանազան տեսակի գեղարվեստագետների հետ այցելում էին և նկարիչներ։ Հիշում եմ Գևորգ Բաշինջաղյանին, Շմերլինգին, Շամջինյանին և անդրիագործ Խագարովիչին, որոնց հետ Ադամյանը շարունակ վիճաբանում էր նկարչության և արձանագործության մասին։ Հավանում էին նրանք դերասանի վրձինը իրենց հոգու խորքում թե չէ— ասել չեմ կարող, բայց գովասանքներ չէին խնայում։ Ադամյանրը նկարչությամբ ավելի էր հափշտակված, քան գրականությամբ, թերևս այն պատճառով, որ վրձինը համեմատաբար ավելի հուսատու էր, քան գրիչը։

Մի օր, այցի գալով, տեսա հետևյալ զավեշտական պատկերը։