Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/194

Այս էջը հաստատված է

Էր Ադամյանի յուրաքանչյուր դիմախաղը, աչքերի բիբերի յուրաքանչյուր պտույտը, ծով էր նրա լռությունը, փոթորիկ էր նրա ժեստը՝ ուր հարկավոր էր։ Ավելորդ ո՛չ մի շարժում, ո՛չ մի ձև։ Ռի՞թմը։ Նախկին և ներկայիս դերասաններից կամ ռեժիսյորներից ոչ մեկն ունի Ադամյանի չափ բնազդ և հասկացողություն ռիթմի մասին։ Եվ ամեն ինչ բնածին էր այդ զարմանալի մարդու մեջ, որ ոչ մի դպրոց չէր անցել․․․ Այսպես են հանճարները...

Մեծ արտիստները գրեթե միշտ ունեն փոքրիկ թուլություններ։ Ադամյանն էլ զերծ չէր նրանցից։ Նա սիրում էր թատերասրահի ծափերը, պայմանով, որ նրանք միայն ու միայն իրեն ուղղվեն։

Սակայն Ադամյանն իր փոքրիկ թերությունների հետ ուներ խոշոր արժանավորություններ։ Չար մարդ չէր, ընդհակառակը, մարդկանց կարեկցում էր թշվառությունների ժամանակ։ Հյուրասեր էր, զվարճախոս, մերթ սրախոս, մերթ ցինիկ չափավոր։ Անեկդոտների սիրահար էր, գիտեր համով պատմել և պատմելիս ինքը երբեք չէր ծիծաղում, Pinoe sans rire էր կատարելապես։

Ադամյանի համեստ կացարանը Թիֆլիսում միշտ լիքն էր հյուրերով։ Գալիս էին ամենքը, ով չէր ծուլանում գալու հայ, ռուս, վրացի, գերմանացի և այլն։ Բայց Ադամյանը սատանորդի էր — գիտեր անախորժ այցելուներին հեռացնել վարպետորեն։ Մի անգամ իմ ներկայությամբ ծառան զեկուցեց, թե այսինչը ուզում էր նրան տեսնել և դուրսը սպասում է։

— Ասել ե՞ս, որ տանն եմ։

— Այո։

— Անիծյա՛լ, չգիտեի՞ր. լավ, խնդրի, որ գա։

Ծառան դուրս եկավ, և հանկարծ կատարելապես առողջ ու զվարթ Ադամյանը գունատվեց, ձայնը թուլացավ, ձեռները դողացին և սկսեց տնքտնքալ, ինչպես ծանր հիվանդ։ Ես գիտեի նրա սատանայությունները, չշփոթվեցի։ Այցելուն ներս մտավ, և տեսնելով Ադամյանին այդ դրության մեջ, այլայլվեց, բարևն էլ մոռացավ և ասաց.

— Դուք հիվա՞նդ եք։