Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/196

Այս էջը հաստատված է

հյուրասիրվում էր։ Դրամասեր էր, բայց ոչ դրամ դիզելու, այլ ծախսելու համար։ Ոսկին նրա ձեռներում հալվում էր, ինչպես ձյունը խարույկի մեջ անմիջապես։ Բայց ի՞նչ էր նրա ծախսը, երկու-երեք հարյուր ռուբլի ամսական։

— Ինձի կդատապարտեն, որ կոնյակով ու խավյարով կհյուրասիրեմ օտարազգի երգիչներին ու դերասաններին,— գանգատվում էր նա ինձ,— հապա անոնք զիս կվասով, սոխո՞վ կհյուրասիրեն, ըսե՛ք, իմ սեղանի վրա շամփայն տեսա՞ծ եք։

Մեծագրպան և հոգով աղքատ բուրժուազիան էր նրան մեղադրում շռայլության մեջ։ Մանավանդ նրանք, որոնք հայ թատրոն չէին գալիս, և որոնց կյանքի գերագույն հաճույքն էր — լափել, լակել և լլկել...

Տարվա մեջ Ադամյանը կանոնավոր ամսականով ապահովված էր միայն ձմեռվա սեզոնը, մնացյալ ամիսները, մի փոքրիկ խումբ կազմելով, շրջում էր գավառները։ Անկայուն էր այդ ամիսներին նրա նյութականը, իսկ բարոյական հաջողությունը միշտ իր բարձրության վրա էր։ Երբեմն փափագում էր ամառը հանգստանալ որևէ կուրորտում կամ գնալ Եվրոպա, միջոցները թույլ չէին տալիս։

— Արդյոք պիտի հաջողի՞մ տեսնել Եվրոպ։

Ադամյանի առողջությունը քայքայվում էր օր–օրի վրա։

Երբ էռնեստո Ռոսսին Թիֆլիսումն էր, Ադամյանն էլ այդտեղ էր։ Որոշվեց ի պատիվ իտալական ողբերգակի տալ մի հայերեն ներկայացում։ Իսկապես մեր նպատակն էր ցույց տալ նրան Ադամյանի խաղը։ Ներկայացվեց Համլետը։ Թատրոնը լեփ-լեցուն էր, մեծ մասամբ օտարազգիներով։ Ռոսսիի օթյակում նստեցրել էինք Սունդուկյանցին, որին նա պապաշա էր կոչում, չնայելով, որ ինքն էլ ուներ նույն տարիքը։

Ռոսսին հիացավ Ադամյանի Համլետով։ Յուրաքանչյուր պատկերից հետո ուժգին ծափահարում էր։ Բայց ասաց․

— Ափսոս այդ սքանչելի տաղանդը, որ երկար չի ապրելու։

— Ինչո՞ւ,— հարցրին նրան։

— Իր ձայնի պատճառով։ Ես տեսնում եմ, որ Ադամյանի ձայնն առաջ եղել է ռնգային, բայց ինքը մեծ