Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/199

Այս էջը հաստատված է

— Սերն անցողիկ է, հարգանքը նույնպես, միայն կրոնն է ամուր ու զորավոր։

Եվ նա կատաղում էր, երբ լսում էր, որ այսինչ կամ այնինչ լուսավորչական հայը ամուսնացել է ուղղափառ մեկի հետ։

Երբ Պռոշյանի կինը վախճանվեց, թաղման օրը դժվար էր ճանաչել նրան, այնքան նիհարել, այնքան ծերացել էր մի քանի օրվա մեջ։ Այդ օրը նա խոսում էր ու շարժվում այնքան տարօրինակ, որ մի պահ կարծեցինք, թե մարդը ցնորվել է։

Երբ Պռոշյանի ավագ որդին ձերբակալվեց որպես հեղափոխական և աքսորվեց Սիբիր, ցավալի էր տեսնել Պռոշյանին։

— Գիտեմ, գիտեմ,— կրկնեց նա, լսելով իմ կարեկցական խոսքը,— որ դու որպես հայր գիտես, ինչ ասել է ծնող, վիշտ, բայց դու մտքումդ դատապարտում ես ինձ, թե ինչու ողբում եմ, փոխանակ պարծենալու և ուրախանալու, որ իմ որդին խաչվում է գաղափարի համար։ Բայց ճիշտ այդ գաղափարին զոհվելն է, որ տանջում է ինձ։ Չեմ հասկանում սոցիալիզմը, ինչ ուզում ես ասա, չեմ հասկանում և չեմ ուզում, իմ որդին պիտի զոհվեր միայն իր ժողովրդի, իր հայրենիքի համար։

Եվ Պռոշյանը, ձեռները վեր բարձրացնելով ու դողդողացնելով, հեռացավ։

Շատերը կարծում էին, որ ես «Կործանվածը» դրամայի Սահառունիների տիպերը վերցրել եմ Պռոշյանից ու իր որդուց։ Մինչև անգամ մեր դերասաններից մեկը Կ․-Պոլսում Սահառունի հոր դերում բեմ ելավ Պերճ Պռոշյանի գրիմով, որի դեմ ժամանակին Փարիզից բողոքեցի լրագրերի մեջ։ Դա կատարյալ թյուրիմացություն է։ Ես Պռոշյանին հարգում էի ու սիրում։ Առաջին ծանոթությանս նա ինձ վրա լավ տպավորություն չէր թողել։ Նայելով նրա ոսկրոտ ճակատի տակից զննիչ հայացքով նայող աչքերին, թվաց ինձ, որ այդ մարդը խորամանկ մեկն է, ինչպես հայ գյուղացիներից շատերը։ Այն էլ ասեմ, որ Րաֆֆին այդպես էլ նրան նկարագրել էր ինձ։ Սակայն հետո, երբ լավ ճանաչեցի, տեսա, որ