Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/203

Այս էջը հաստատված է

պատերազմին 1876 թ. մի օր Պռոշյանի արհեստանոցն են մտնում լուսանկարվելու 10–12 շարքային զինվորներ։

— Խմբովի՞ն եք ուզում նկարվել, թե՞ առանձին-առանձին,— հարցնում է Պռոշյանը։

— Առանձին-առանձին։

Պռոշյանը տեսնելով, որ այդքան մարդկանց լուսանկարները զատ-զատ նկարելը շատ ժամանակ պիտի խլի, դիմում է խորամանկության։ Նա լուսանկարում է զինվորներից միայն մեկին և ասում է.

— Առաջիկա կիրակի եկեք, բոլորիդ լուսանկարները պատրաստ կլինեն։

Հաջորդ կիրակի զինվորները գալիս են, և Պռոշյանը, յուրաքանչյուրին տալով վեցական օրինակ մի հոգի զինվորի լուսանկարից, հարցնում է․

— Հավանո՞ւմ ես, տես ինչքան նման է քեզ։

— Շատ նման է ինձ, շատ նման,— պատասխանում է ամեն մեկը։

Զինվորները հեռանում են գոհ սրտով։

Այս անեկդոտի եղելությունը Պռոշյանը չէր հերքում։

— Եղբայր,— ասում էր նա,— այդ ռուս զինվորներն այնքան են իրար նման, որքան գետնախնձորները մի տոպրակի մեջ։

Մի օր Աբգար Հովհաննիսյանն ինձ պատմեց.

— Մի առավոտ կանուխ գալիս են ու ինձ ասում, թե Պռոշյանը ծանր հիվանդ է և ուզում է ինձ տեսնել։ Գնացի։ Պռոշյանը պառկած էր, վրեն կես դյուժին վերմակներ և ծանր տնքտնքում էր։ «Հը՞, ի՞նչ է պատահել, Պռո՛շ»,— հարցրի ես։ «Աբգար, հոգուդ մատաղ, տեսնում ես՝ մեռնում եմ,— պատասխանեց Պռոշյանը,— լսիր կտակս։ Բերանացի եմ ասում, դու կարող ես գրել։ Նախ և առաջ կնոջս ապրուստը կապահովես, զավակներիս լավ ուսում կտաս, աղջկերանցս կամուսնացնես օրինավոր հայ լուսավորչական տղաների հետ։ Մի հազար ռուբլի պարտք ունեմ, կվճարես, որ անիրավ պարտատերերս չանիծեն հիշատակս։ Այնուհետև, եթե կամենաս գերեզմանիս վրա մի համեստ արձան դնել