Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/21

Այս էջը հաստատված է

ուսից վերցրեց, առաջ վազեց։ Բալասի ապերը աջ նայեց, ձախ նայեց։ Ոչ ոք և ոչինչ չկար։ Պարզվեց, որ կառապանը կառքը կանգնեցրել է, որ ձիերին թույլ տա ջուր թափելու։ Բալասի ապերը մոտեցավ կառքին և ասաց գեղեցկուհուն.

— Ոսկի խանում, իսկի չվախենաս, ես էստեղ եմ։

Եվ հրացանը նորեն կախեց ուսին ու ձեռը նորեն դրեց դաշույնի վրա։ Այդ բոլորը նա անում էր այնպիսի լուրջ դեմքով և խորհրդավոր ձևերով, որ ինձ վրա թողեց շատ խորը տպավորություն։

Սակայն այդ օրը ես հաճույք չունեցա ավազակներ տեսնելու և ոչ հետևյալ և ոչ երրորդ օրը։ Ճանապարհին հաճախ հանդիպում էինք ուղտապանների, որոնք տակառներով նավթ էին տանում Բաքվից Շամախի։ Հեռվից նրանց տեսնելիս, չգիտեմ ինչու, Բալասի ապերը հրացանը գցում էր ֆուրգոնի մեջ, դաշույնն էլ թաքցնում էր չուխայի փեշերի տակ և ինքն էլ մի տեսակ խեղճանում էր։

Չորրորդ օրը միջօրեին մենք մոտեցանք Բաքվին։ Երբ բարձրանում էինք «Գայլի բերան դռներ» կոչված զառիվայրով, որի գլխից պիտի երևար ծովը, Բալասի ապերը գետնից վերցնելով երկու հատ ինչ-որ ոսկրներ և մեկն ինձ, մյուսը Ստեփանին տալով՝ ասաց.

— Դրեք ատամներիդ մեջ։

— Ինչու՞,— հետաքրքրվեցի ես։

Նա պատասխանեց, թե ով առաջին անգամ ծով է տեսնում, պետք է իր բերանը ոսկր դնի, այլապես եթե մի օր կամենա ծովում լողանալ, կխեղդվի։ Ես հավատացի Բալասի ապոր կատակին, այնքան դեռ միամիտ էի տասնյոթ տարեկան հասակում։

Ահա և ծովը․ ահա վերջապես Բաքուն իր տափակ կտուրներով, նավերի կայմերով, հանքերի բուրգերով և գործարանների թանձր ծխով։ Ինձ պաշարեց մի տարօրինակ տրտմություն։ Զառիվայրից իջնելով, թվաց ինձ, որ իջնում եմ մի տեսակ գեհեն, ուր պիտի հավիտենապես տանջվեմ այդ թանձր ծխի ու մրի մեջ։

Ես բաժանվեցի իմ ուղեկիցներից։ Որովհետև այլևս